Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակներ՝ հայրենիքի ու արվեստի նվիրումով

Նոյեմբեր 11,2015 17:48 Share

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու նկարիչների միության կազմակերպմամբ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի երկրագիտական թանգարանում նոյեմբերի 10-ին բացվեց ՀՀ և ԼՂՀ նկարիչների միության անդամ, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Թանգարանի տնօրեն Վարսիկ Ղուլյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց Արցախի արդի մշակույթի նշանավոր ներկայացուցչին: Քանդակագործի ստեղծագործությունը վերլուծաբար ներկայացրեց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

ՀՀ նկարիչների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ, ՀՀ և ԼՂՀ նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը, խոսելով Յուրի Հովհաննիսյանի և նրա ստեղծագործության մասին, ասաց.

– Հետաքրքիր աշխատանքներ են՝ կավից, բրոնզից, գիպսից, իսկ կտավի պես խոսուն են: Հովհաննիսյան քանդակագործը կարողացել է ստեղծել կնոջ հոգեբանությունը բացահայտող բազում կերպարներ, դիմաքանդակներ, այլ աշխատանքներ, որոնք արվեստի կատարյալ գործեր են:

Շնորհավորելով կազմակերպիչներին և քանդակագործին ցուցահանդեսի առթիվ՝ Ժ. Մարտիրոսյանը հեղինակին հրավիրեց Գորիս նաև տեղի պատկերասրահում նրա անհատական ցուցահանդեսը կազմակերպելու համար:

Ուրախություն հայտնեց, որ ազատագրված ու հայացած Բերձորում է կայացել ցուցահանդեսը:

-Հիանում եմ Բերձորով, որ շնչում է նաև արվեստով, -հավելեց Ժ. Մարտիրոսյանը:

ԼՂՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց Յու. Հովհաննիսյան քանդակագործի դերը Արցախի արդի մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև նրա կողմից «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի հիմնադրումը:

Բերձորի երկրագիտական թանգարանի հիմնադիր ու նախկին տնօրեն, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լիվերա Հովհաննիսյանը նույնպես բարձր գնահատեց ցուցադրությունը:

DSCN0453 DSCN0446 DSCN0424 DSCN0409 DSCN0313

-Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ մեծ ուժ կա. հայրենասիրական գործերը շատ են: Արդի հայ մշակույթի ընտանիքում նա իր արժանի տեղն ունի: Նրան գիտեն նաև մեր հայրենիքից դուրս, -ասաց Լ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 1997 թվականի մայիսի 18-ին բացվեց երկրագիտական թանգարանի պատկերասրահը, որտեղ բազում ցուցադրություններ են կազմակերպվել, նաև ներկայացվել է ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ Գառզուի գրաֆիկան:

ՀՀ գրողների միության անդամ, բանահավաք, բանաստեղծ Լևոն Սահակյանը կարևորեց արվեստը՝ այն զենքից ավելի զորեղ համարելով:

-Նման գործեր են նաև Յու. Հովհաննիսյանի քանդակները: Մեր ազգի մեջ շնորհալիներ շատ կան, և ժողովուրդն է ճանաչում իսկական արվեստագետին, որոնց շարքում է նաև օրվա հերոսը,-հավելեց սյունեցի բանաստեղծը, ով հայրենի Ակներ գյուղի պատմությունն է նաև գրել:

Քանդակագործը, հայտնելով շնորհակալություն կազմակերպողներին, Բերձորի երկրագիտական թանգարանի անձնակազմին, որ ջանասիրաբար ձևավորել են սրահը, ներկաներին, ասաց՝ ցուցահանդեսը նվիրվում է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր և գլխավոր բժիշկ, ազատամարտիկ, գրող, հրապարակախոս Արցախ Բունիաթյանի և բոլոր այն հերոսների հիշատակին, ովքեր ազատագրեցին հող հայրենին, և այժմ ազատագրված Բերձորում մշակույթի տոն է: Հավատ հայտնեց, որ միշտ հայի տուն են մնալու Բերձորն ու մշակույթի կենտրոն Շուշին:

Բերձորի քաղաքային գրադարանի տնօրեն, Արցախ Բունիաթյանի կինը՝ Սոնա Հովեյանը, շնորհակալություն հայտնեց քանդակագործին՝ ներկաներին նման հաճելի պահեր պարգևելու համար՝ ասելով՝ բոլորի աչքի առջև է իսկական արվեստի նմուշների մի ամբողջություն: Իսկ նման ցուցադրություններն անհրաժեշտություն են մեր ժողովրդի համար:

Ցուցահանդեսին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հակոբ Սայամյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, տարբեր կառույցների աշխատակիցներ, հյուրեր:

Ելույթներից հետո Յու. Հովհաննիսյանը ներկայացրեց իր ստեղծագործությունը, որի մեծ մասը տարբեր տեղերում ու հավաքածուներում են, և դրանց լուսանկարներն էին պատերին: Ներկայացնելով երեք քանդակներ՝ «Արվեստի վերադարձը», «Խաչի վերադարձը» և «Հաղթողների պսակ» բրոնզաձույլ, փոքրածավալ գործերը, ասաց՝ դրանք քանդակել է 2005 թվականին՝ որպես մեկ ընդհանրություն: Իսկ 1990 թվականին ստեղծած «Յոթ բռունցք» («Արցախ», «Պայքար») բրոնզե աշխատանքը Ղարաբաղյան շարժմանը նվիրված իր առաջին ստեղծագործությունն է, որտեղ բռունցքներն արծվաձև են. նրանցից 5-ը խորհրդանշում են այն ժամանակ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջանները:

Անդրադառնալով դիմաքանդակներին՝ նշեց, որ իր ստեղծած կերպարները նորօրյա գոյամարտի և Արցախի կայացման գործում մեծ ներդրում ունեցող անձեր են՝ Կոմանդոս, Պարգև Սրբազան, Զորի Բալայան, Թելման Հարությունյան, ով առաջինը Հայոց Եռագույնը բարձրացրեց Արցախի մարզխորհրդի շենքի վրա, Վիգեն Հայրապետյան, ով ընթերցեց Արցախի Անկախության Հռչակագիրը, ուրիշներ:

Քանդակագործն անդրադարձել է նաև հայ մայրերին, ովքեր անհամբեր սպասում են մարտադաշտում գտնվող զավակների վերադարձին: 2000 թվականին է ստեղծել «Զավակները չվերադարձան» քանդակը: Քիչ չեն նաև մշակույթի գործիչներին, այլոց պատկերող քանդակները:

Նա ցավ հայտնեց, որ Բերձորի երկրագիտական թանգարանը, նրա հարուստ պատկերասրահը տեղակայված են նման շենքում, որը խոնավ է, պատերը քայքայված: Հույս հայտնեց, որ մի օր այս ցուցանմուշները կներկայացվեն համապատասխան պայմաններում:

Յուրի Հովհաննիսյանը ծնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, 1966-ին ավարտել տեղի 11-ամյա դպրոցը: 1968-74 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1978 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: Մինչև 1996 թվականն աշխատել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Արցախ, Ստեփանակերտում հիմնել «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտը, որն այժմ գործում է ՇուՇիում: Հայրենիքին ու մշակույթին անմնացորդ նվիրումի համար արժանացել է ԼՂՀ նախագահի կողմից «Երախտագիտություն» մեդալի, այլ պարգևների: Ցուցահանդեսը տևելու է 10 օր:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30