Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել խտրական վերաբերմունք դրսեւորվում է փակ եւ կիսափակ հաստատության անդամների նկատմամբ

Դեկտեմբեր 11,2015 14:30

Սահմանադրությամբ հավասարությունները երաշխավորվում են: ՀՀ ընտանեկան, աշխատանքային օրենսգրքով կան դրույթներ, որոնք կոչ են անում հավասարության: Սակայն, որպես մեկ միասնական փաստաթուղթ, նորմատիվ իրավական ակտ, որը կկարգավորի խտրականության հետ կապված բոլոր հարցերը՝ չկա:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի իրավաբան Հասմիկ Հարությունյանը մեկնաբանում է՝ եթե անձը ենթարկվել է խտրականության եւ դիմում է դատարան, նա չունի այն նյութական հիմքը, որին հղում կատարի: Դատարանը կարող է վկայակոչել միջազգային փաստաթղթեր. օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան. «Հայաստանը այդ կոնվենցիան վավերացրել է, որը բացարձակ արգելում է խտրականության դրսեւորումները: Հույս ունենալ, որ պետական դատարանները այդ հարցը կարգավորելու համար հղում կկատարեն միջազգային ստանդարտներին, այդքան էլ իրատեսական չէ: Ավելին՝ գրանցվել են դեպքեր, երբ դիմել են դատարան՝ խտրականության գործով, մերժվել՝ նյութականի հիմքի, օրենքի բացակայության պատճառով»:

Օրենքի ընդունման առաջարկներ շատ են եղել: Հ/կ հատվածը, ակտիվիստները, իրավապաշտպանները եւ այլ անձինք տարբեր հարթակներից բարձրաձայնում են դրա կարեւորության մասին: Նման օրենք արդեն ընդունվել է Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Մեր զրուցակցի վկայմամբ, առավել խտրական վերաբերմունք դրսեւորվում է փակ եւ կիսափակ հաստատության անդամների, կրոնական, սեռական այլ կողմնորոշում ունեցող փոքրամասնությունների նկատմամբ, աշխատանքային հարաբերություններում:
«Կարծում եմ՝ օրենքը չի ընդունվում քաղաքական կամքի բացակայության պատճառով: Ինչո՞ւ ոչ նաեւ այն, որ, օրինակ՝ սեռական փոքրամասնությունների հարցում պետությունը չի ցանկանում հավասար վերաբերմունք ցուցաբերել եւ այն ամրագրված լինի օրենքի մակարդակով: Խուսափողական դիրքորոշումն առավել շատ է: Այն զերծ է պահում օրենքի մակարդակով բոլոր հիմքերը պաշտպանել»,- ասաց նա:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031