Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ վախենալ չհասկացված լինելուց». Ռուբեն Բաբայան

Դեկտեմբեր 22,2015 17:48

«Անցնող տարում կորցրինք այն, ինչ երևի թե չունեինք էլ, որովհետև վստահության, հավատի պակաս մենք մշտապես ենք զգում կյանքում: Այնպես որ, ասել, թե մենք հավատ կորցրինք, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ հավատը պետք էր ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Սակայն, ըստ պարոն Բաբայանի, նաև շատ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել. «Մենք տեսանք հասարակական ակտիվ կյանք և դրանում ներգրավված երիտասարդներ: Երբ հանրահավաքներում տեսնում ես երիտասարդների, հասկանում ես, որ այն ուղղված է ապագային, իսկ երբ տեսնում ես միայն թոշակառուների, հասկանում ես, որ այն անցյալին է ուղղված: Ապագա չունի…

Կարծում եմ՝ մի շատ կարևոր բան է տեղի ունենում հասարակության հետ. սկսել է ավելի մեծ տեղ տալ սեփական իրավունքներին, իրեն ավելի շատ է գիտակցում որպես երկրի տեր, իշխանությանն ու ընդդիմությանը ընկալում է որպես ներկա կամ ապագա կառավարիչների, այլ ոչ թե տերերի, որոնք կգան ու մեզ կիշխեն: Սա շատ կարևոր է. մտածողության մեջ կատարվող այսպիսի փոփոխությունները նշանակում են, որ կփոխվի նաև կյանքը, որովհետև մենք հաճախ պահանջում ենք, որ փոխվի մեր կյանքը, բայց բացարձակապես չենք փորձում փոխել սեփական մտածողությունը, շարունակում ենք շարժվել հին չափանիշներով, բայց ուզում ենք ունենալ նոր կյանք… Թատրոնում էլ է այդպես. հնարավոր չէ հինն անընդհատ առաջ բերելով՝ փորձել լինել ժամանակակից թատրոն: Այդպես չի լինում, որովհետև այն, ինչ հետաքրքիր էր, ասենք, տասը տարի առաջ, հետաքրքիր էր, որովհետև այն ժամանակ ժամանակակից էր:

Ցավոք, հատկապես մեր քաղաքական կյանքում մենք միշտ փորձում ենք անցյալը (բոլոր առումներով՝ գաղափարների, մոտեցումների, ձևերի և այլն) բերել ու աշխատեցնել այսօր և զարմանում ենք, որ չի աշխատում: Չի էլ կարող աշխատել. ժամանակները փոխվել են»,- ընդգծեց Ռ. Բաբայանը:

Ըստ նրա՝ մեզ այսօր շատ է խանգարում նաև այն, որ հաճախ փնտրում ենք՝ ինչն է մեզ ավելի շատ տարբերում, բաժանում իրարից. «Մինչդեռ, պետք է փնտրել այն, ինչը միավորում է մեզ: Մենք ավելի հաճախ փորձում ենք ուշադրություն սևեռել մեր տարբերությունների վրա, որոնք, իհարկե, կան, և փորձում ենք այդ տարբերությունները վերացնել: Դա սխալ է: Մենք բոլորս տարբեր ենք, և դա է մեր հարստությունը: Բայց եթե մենք փորձենք այդ տարբերությունների մեջ գտնել նաև, թե ինչն է մեզ միավորում, կտեսնենք, որ մեր հենարանը շատ ավելի ամուր է, որովհետև այն, ինչը մեզ իրարից տարբերում է, երբեք հենարան չի կարող լինել»,- համոզված է արվեստագետը:

Ռ. Բաբայանի գնահատմամբ՝ կյանքը հետաքրքիր է այնքանով, ինչքանով կարողանում ես դասեր քաղել. «Եթե կարողանում ես դա անել, այն հետո դառնում է ավելի առաջնային, ավելի ժամանակակից, ավելի բարեկեցիկ: Եթե չես քաղում դասեր և շարունակում ես սրան-նրան մեղադրել, եթե քո բոլոր անհաջողությունների, թերությունների արմատն ուրիշ տեղերում ես փնտրում և չես տեսնում քո սեփական մեղքը, դու երբեք ոչնչի չես հասնի: Եթե դու չես ուզում փոխել համակարգը, չես ուզում փոխել մոտեցումը, այլ ուզում ես փոխել միայն անձին, ես կասկած ունեմ՝ որտեղի՞ց է այդ վստահությունը, որ միայն անձ փոխելով՝ դու կկարողանաս լավացնել կյանքը…»:

Պարոն Բաբայանն անդրադարձավ նաև «հայրենասիրություն» և «հայրենաշինություն» հասկացություններին. «Այսօր այնքան հաճախակի է օգտագործվում «հայրենասիրություն» բառը, որ արդեն ոչ միայն իմաստազրկվել, այլև ձանձրալի է դարձել: «Հայրենաշինություն» բառը շատ ավելի կարևոր է: Կարողանում ես հայրենիք կառուցել, կառուցում ես, չես կարողանում, սկսում ես դեմագոգիայով զբաղվել և խոսել միայն հայրենասիրության մասին»,- շեշտեց Ռ. Բաբայանը:

Հարցին, թե ինչու են որոշ մտավորականներ խուսափում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել այս կամ այն խնդրի վերաբերյալ, նա պատասխանեց. «Եթե հասարակությունը պահանջ ունի քեզ լսելու, դու պարտավոր ես խոսել: Բայց այստեղ կա մի կարևոր հարց, որի պատասխանն ինքդ քեզ պիտի տաս: Ես կարծում եմ, որ մտավորականը իրավունք չունի խոսելու իշխանության հետ: Մտավորականությունը պետք է խոսի հասարակության հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը: Հաճախ մտավորականները լռում են՝ ասելով՝ մենք ասում ենք, մեզ չեն լսում… Այդպես չէ, հասարակությունը միշտ էլ լսում է ձեզ: Համաձայն է, թե համաձայն չէ, արդեն ուրիշ հարց է»,- ընդգծեց պարոն Բաբայանը և փորձեց բացատրել, թե ինչու է համոզված, որ մտավորականը պետք է խոսի հասարակության հետ. «Մտավորականը մշտապես պետք է դժգոհ լինի այն վիճակից, որը կա: Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել այդ վիճակը: Կա խաբկանք. խոսենք իշխանությունների հետ, և իշխանությունը կփոխի վիճակը դեպի լավը: Այդպիսի բան չի լինում: Ցանկացած իշխանություն (թե´ ամենաժողովրդավար, թե´ ամենաբռնապետական երկրում) հաշվի է նստում միայն մի գործոնի հետ՝ քանակի: Եվ մտավորականի խնդիրն այդ քանակը որակ դարձնելն է: Դրա համար է պետք հասարակության հետ խոսել և պետք չէ քծնել հասարակությանը. վերջինիս քծնում են քաղաքական ուժերը, և դա պարզ է. քծնում են, որովհետև գործ ունեն քանակի հետ: Իրար մեջ ինչ ասես ասում են ժողովրդի հասցեին, բայց հանրային խոսակցությունների ժամանակ բոլորը ժողովրդի անունով են երդվում… Մտավորականներս ժողովրդին քծնելու կարիք չունենք, հակառակը. բժշկի պես պետք է ասենք բոլոր այն դառը, ցավալի հիվանդությունները, որոնցով տառապում է հասարակությունը: Եթե դու թաքցնում ես հիվանդությունը, դա չի նշանակում, որ սիրում ես հիվանդին: Դա նշանակում է, որ դու ուղիղ ճանապարհն ես նրան ցույց տալիս դեպի անբուժելիություն… Պետք չէ վախենալ հասարակության հետ խոսելուց, պետք չէ վախենալ չհասկացված լինելուց, որովհետև մի բան հաստատ է. եթե խոսքդ անկեղծ է, գնահատվում է: Մենք մարդ ենք և ուզում են անկեղծ խոսք լսել, այդ երկխոսության կարիքն ունենք և դրան արձագանքում ենք միայն այն ժամանակ, երբ այն անկեղծ է: Հենց հասկանում ենք, որ մեզ պարզապես ուզում են քարոզի միջոցով ինչ-որ բան հասկացնել, այլ ոչ թե գալ մեզ հետ երկխոսության, միանգամից երկխոսությունը դադարում է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031