Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ. ««Էլեկտրիկ Երեւանը» նշանակալի իրադարձություն էր Հայաստանի քաղաքական, քաղաքացիական կյանքում»

Դեկտեմբեր 23,2015 16:37

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հրապարակել է «Հայաստան 2015. Նոր Սահմանադրությամբ՝ միջազգային նոր պայմաններում» տեղեկագիրը, որը համառոտ անդրադարձ է 2015 թվականի արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային խնդիրներին:

Տեղեկագրում ՌԱՀՀԿ-ն անդրադարձել է Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարին եւ «Էլեկտրիկ Երեւան» շարժմանը, մասնավորապես նշված է, որ ցուցարարները, որոնց թվում էին տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուղղակի ակտիվ քաղաքացիներ, երկու շաբաթ շարունակ յուրօրինակ փառատոնային մթնոլորտի խորապատկերին շուրջօրյա նստացույց եւ երթեր իրականացրին՝ այդպիսով կյանքի կոչելով քաղաքացիական անհնազանդության յուրօրինակ ակցիաների ամբողջ մի շարան:

ՌԱՀՀԿ-ն հետաքրքրական եւ նորարար է համարում քաղաքական գործիչներից եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներից կազմած «կենդանի պատը», որը ստեղծվել էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ հնարավոր բախումներից խուսափելու համար, սակայն այն արժանացավ ցուցարարների ոչ միանշանակ վերաբերմունքին. «Էլեկտրիկ Երեւան» անվանումը ստացած քաղաքացիական արշավի հատկանիշներից մեկն էլ երիտասարդական եռանդով, հումորով, երգիծանքով հագեցած մթնոլորտն էր: Պետք է նշել, որ, չնայած բողոքի ցույցերի համակարգողների հասցեին հաճախ հնչում էր քննադատություն առ այն, որ նրանք չունեն որոշումների կայացման հստակ գործիքակազմ, ռազմավարություն, մարտավարություն, հստակ գործողությունների ծրագիր, այնուամենայնիվ, Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձությունները վայելում էին հանրության զգալի հատվածի համակրանքը, «Էլեկտրիկ Երեւանը» դարձել էր համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրության առարկա»:

ՌԱՀՀԿ-ն համարում է, որ ակցիաների ընթացքում հնչող կարգախոսներից, այն է՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Որոշողը մենք ենք», «Ազատ, Անկախ Հայաստան» եւ դրանց համահունչ բովանդակությամբ ելույթներից ու ներկայացված պահանջներից հստակ երեւում էր, որ քաղաքացիների բողոքի բնույթը զուտ սոցիալ-տնտեսական չէ, որ բողոքն ունի հստակ քաղաքական բովանդակություն:

«Թեեւ «Էլեկտրիկ Երեւանը» չհասավ իր հիմնական նպատակին, այն է՝ հայտնի որոշման չեղարկմանը, սակայն այն փաստը, որ երկու շաբաթ շարունակ Բաղրամյան պողոտան փակ մնաց, քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային նշանակության իրադարձություն: Այդ ամենի արդյունքում վարչախումբը գնաց ինչ-որ զիջման, որը, ճիշտ է, չգոհացրեց ցուցարարներին, բայց վկայում է այն մասին, որ բազմաթիվ թերի կողմերի առկայությամբ հանդերձ, «Էլեկտրիկ Երեւանը» նշանակալի իրադարձություն էր Հայաստանի քաղաքական, քաղաքացիական կյանքում: Ակնհայտ է, որ հետագայում այն կունենա իր դրական ազդեցությունը»,- նշված է տեղեկագրում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031