Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանից գնացել եւ այլեւս չի վերադարձել ավելի քան 73 հազար քաղաքացի․ «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 27,2022 09:30

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա միայն առաջին կեսին ՀՀ-ից մեկնածների թիվը շուրջ 40 հազարով գերազանցում է վերադարձածների թվին: Ընդհանուր առմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից գնացել եւ այլեւս չի վերադարձել ավելի քան 73 հազար քաղաքացի: Որքան էլ իշխանությունները, մյուս կողմից, մերկախոս կոչերով ճամարտակեն, թե ապագա կա, նրանց գործերից ու մտադրություններից ակնհայտ է, որ ներկայիս տեմպով շարունակվելու դեպքում արտագաղթը կարող է իսկական ազգային աղետ դառնալ փոքր, պատերազմներից հյուծված եւ անբարեհաճ հարեւանների միջեւ աքցանված հայկական զույգ պետությունների գլխին: Մանավանդ՝ այսօրվա ժողովրդագրական խիստ անբարվոք պատկերի հենքին:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու ՀՀ քաղաքացիները պետության ու ժողովրդի համար այս ծանր ժամանակներում նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը, ընդ որում՝ բավական հոծ խմբերով:

Ըստ որոշ դիտարկումների՝ մարդիկ հեռանում են ոչ այնքան ներկայի դժվարություններից, որքան ապագայի անորոշությունից: Եվ հեռանում են ոչ միայն իշխանությունների վարած ապազգային քաղաքականության դեմ ընդվզողները, այլեւ նրանք, ովքեր 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատվությունը տվեցին Փաշինյանին ու նրա թիմին։ Ընտրեցին, բայց հիմա թողել-գնում են, որովհետեւ, հակառակ ՔՊ-ական վերնախավի հավաստիացումների, այստեղ չեն տեսնում իրենց երեխաների եւ անձամբ իրենց ապագան։ Հետաքրքիր է՝ տեսնես գոնե զղջո՞ւմ են, որ անխոհեմ քայլով ծանր փորձանք բերեցին բոլոր նրանց գլխին, ովքեր որոշել են ամեն դեպքում մնալ, ապրել Հայրենիքում ու պայքարել հանուն նրա բարօրության։

Դատելով մեկնելու շարժառիթների մասին քաղաքացիների որոշ արձագանքներից, պարզվում է, որ թեեւ վախի գործոնը արտագաղթի պատճառներից ամենաառաջնայինը չէ, բայցեւայնպես, իր բացասական կնիքն է թողնում երկրից հեռանալու վերաբերյալ ոմանց որոշումների վրա: Եվ դա բնական է՝ պետության պաշտպանունակությունը, անվտանգային համակարգի ամրությունը ժողովրդի ապահովության կարեւոր երաշխիքներից են: Երբ դրանց բացակայությունից խոսում են երկրի առաջին դեմքերը, շատերի համար անիմաստ է դառնում վախի ու սեփական անզորության զգացողությամբ ապրել այդպիսի երկրում:

Գեւորգ Բրուտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 33-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930