Լրահոս
Օրվա լրահոսը

Մաժոր եւ մինոր՝ Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» ժողովածուում

Հունվար 15,2016 12:00

Օրերս հրատարակվել է արձակագիր, բանաստեղծ Դավիթ Սամվելյանի երկրորդ՝ արձակ բանաստեղծությունների եւ նովելների «Արտագաղթած կարոտ» ժողովածուն:

«Առավոտը» արձակագրի հետ հանդիպման ժամանակ նախ հիշեցրեց 2014թ. լույս տեսած «Նա եւ նրա» բանաստեղծությունների եւ էսսեների ժողովածուի առիթով ստեղծագործողի հայտնած միտքը, թե ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե այդ տարվա ավարտին գրքերից ստացված գումարը նվիրաբերել է Նորքի հատուկ դպրոց ինտերնատին: Հիշյալ ժողովածուի մասին էլ մասնագետների շրջանում տարածված կարծիքի առնչությամբ, թե գրքում տեղ գտած 80 ստեղծագործությունները չափից ավելի էմոցիոնալ են, Դավիթ Սամվելյանը հակիրճ ասաց. «Ժողովածուում երկու առաջնային գաղափար կա. մեկը մարդու ներաշխարհի բնութագրումն է, մյուսը՝ մարդ-Աստված կապը: Եթե նման կարծիք կա, ես համամիտ եմ»:

Անդրադառնալով նոր՝ «Արտագաղթած կարոտ» ժողովածուին, արվեստագետը նշեց. «Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռու գնում: Հեռացումները ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով»: Հետո էլ մանրամասնեց. «Երբ երկրի սահմանները լքում են այլեւս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, արդեն այն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ: Հաճախ մենք մեր կյանքը, դրա իմաստը, մեր շնչելու, գործելու եւ զգալու ունակությունները պարփակում ենք մի մարդու մեջ ու նրան կոչում մեր աշխարհ, մեր սիրո հայրենիք կամ պարզապես սեր… Իմիջիայլոց, արտագաղթի ցանկությունը սկսում է ներսումդ ահագնանալ, երբ հակասության մեջ են մտնում քո ցանկություններն ու մարդկանց անտարբերությունը: Ասեմ նաեւ, որ գրքում զետեղված 30 ստեղծագործություններն առաջին հայացքից իրարից տարբեր են, բայց իմաստային առումով շաղկապված են միմյանց: Դա երեւում է հենց վերնագրերից, օրինակ՝ «Արտագաղթած կարոտ», «Կարոտից արտագաղթած» կամ «Չափագրում», «Սահմանազատում»: Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ վերնագրերը կարող են ընկալվել իբրեւ բառախաղ, արձակագիրը պատասխանեց. «Ոչ, միանշանակ բառախաղ չէ»:

David_Samvelyan_1

Հարցին, թե նախորդ եւ նոր ժողովածուներում ինչո՞ւ է գերիշխում մինորային տրամադրությունը, Դավիթ Սամվելյանի ձեւակերպմամբ՝ «արվեստի տարբեր ոլորտների յուրաքանչյուր ստեղծագործություն, եթե այն նույնիսկ մաժոր լադում է, միեւնույն է, իր մեջ, թեկուզ աննշան, մինոր էլ է պարունակում, եւ հակառակը»: Հավելեց նաեւ, թե կյանքում մաժորային պահերը պետք է չկորցնել եւ հենց այդժամ ապրել, իսկ մինորայինը փորձել դուրս հանել, իհարկե՝ յուրաքանչյուրը իր ձեւն ունի. «Իմ դեպքում դա արտահայտված է ստեղծագործություններիս մեջ»:

Հետաքրքրվեցինք՝ մտադրություն չունի՞ ավելի խոշորամասշտաբ ստեղծագործություն արարելու, ասենք՝ վեպ, Դավիթ Սամվելյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ իմ ցանկացած գործ, օրինակ՝ պատմվածք, իր մեջ ներառում է հավելումներ, որոնք ապահովում են ծավալային տեսք: Չգիտեմ, գուցե ասածս ամպագոռգոռ հնչի…»:

Զրույցի ընթացքում արձակագիրը նշեց, որ ժողովածուն հրատարակվել է նաեւ իր ընկերների օգնությամբ, շնորհանդեսն էլ տեղի կունենա հունվարի 31-ին, «Ականաթ» սրճարան-ընթերցասրահում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031