Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանից կեղծ ու անորակ դեղերի ներմուծումը շարունակվում է. փորձագետ

Հունվար 19,2016 12:55

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դեղերի մասին նոր օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը մեծ հաջողություն է համարում:

«Երկար սպասված օրենք էր, թե մասնավոր հատվածի, թե կառավարության համար: Հուսով ենք, որ Ազգային ժողովն այն կընդունի: Այս օրենքում միջազգային չափանիշներն են ընդգրկված, այն կկարգավորի դեղերի շուկան»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Զաքարյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում դեղագործական ոլորտը կայուն աճում է. «Դեղագործական ոլորտի անցած տարվա առաջին կիսամյակի տվյալներով, ներմուծումն աճել է 32 տոկոսով, 26 տոկոսի չափով էլ՝ արտահանումը: Մեր տեղական արտադրության ավելի քան հիսուն տոկոսն արտահանվում է»:

Նա վստահեցրեց, որ որակով ու արտադրական գործընթացով հայ արտադրողների արտադրանքը չի զիջում արտասահմանյան դեղերին. «Փորձաքննությունից հետո է թույլատրվում դեղի վաճառքը: Գնային առումով էլ հայկական դեղերը, շատ դեպքերում, տասն անգամ ավելի էժան են արտասահմանյանից»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են բժիշկները խորհուրդ տալիս գնել ոչ թե հայկական, այլ արտասահմանյան դեղեր, նա կարծիք հայտնեց. «Անբարեխիղճ բժիշկները կարող են խորհուրդ տալ կոնկրետ արտասահմանյանը կամ կոնկրետ կազմակերպության արտադրած դեղը՝ ներքին շահերից ելնելով»:

Դիտարկմանը, թե Հայաստանի դեղագործական շուկայում կան մենաշնորհներ, պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ չկան. «Դեղագործական ոլորտը մենաշնորհներ չունի, ներմուծող 43 կազմակերպություն է գրանցված, պարզապես կան խոշոր ներմուծողներ, բայց դա չի նշանակում, որ այդ ներմուծողները մենաշնորհային են»:

Սամվել Զաքարյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում դեռ չի վերացել Վրաստանից ներմուծվող անորակ ու կեղծ դեղերի ներմուծումն ու վաճառքը:

Պարոն Զաքարյանը պատմեց, որ նոր է վերադարձել Թբիլիսիից, նա այցելել է կայարանի այն փոքրիկ դեղատուն, որտեղից հիմնականում էլ ներկրում են հայ տաքսիստները. «Լավ է, որ հայտնաբերվում է, վերջապես առողջապահական տեսչությունը սկսել է աշխատել: Վրաստանից եկող դեղերի քանակը գնալով վախեցնող թվերի է հասել, մենք տարիներ շարունակ դրա մասին խոսում ենք, բայց ոչ մեկն այդ ուղղությամբ քայլեր չի իրականացվում»:

Նա նկատեց, որ Վրաստանից բերվող դեղերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքին, որովհետեւ Հայաստան տեղափոխման փուլում խախտվում է պահպանման ժամկետները, ու անհայտ է դեղերի ծագումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031