Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը հաստատվեց (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 12:44

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգի մասին հարցը, որով նախատեսվում է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քվեարկեն եւ լիագումար նիստի քննարկմանը ներկայացնեն պաշտպանի թեկնածուին:

Հիմնական զեկուցող, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագիծն, ըստ էության, փոփոխության չի ենթարկվելու, հենց այդպես դրվելու է քվեարկության:

Սա բարկացրեց պատգամավորներին, որոնք երեկ առաջարկությամբ էին հանդես եկել: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Երեկ ողջ օրվա նիստի քննարկման առարկան եղել է այս օրենքի նախագիծը: Այսօր ասել, որ առաջարկություններ չեն եղել՝ արդար չէ, ազնիվ չէ: Բոլորս խոսել ենք, մեր տեսակետներն ենք հայտնել: Հանձնաժողովը պետք է ականջալուր լինի»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ եթե այս նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, մենք ժողովրդավար սկզբունքներով չենք գործում: Եթե մեկ մարդ պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստին, ընտրություն չենք կարողանալու կատարել թեկնածուների միջեւ:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ հանձնաժողովում մի թեկնածուի քվեարկությամբ դե ֆակտո ընտրվելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, դա թուլացնում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ինստիտուտը:

Նա կոչ արեց չվախենալ եւ առնվազն երեք թեկնածուի հնարավորություն տալ մասնակցելու:

Ընդդիմության կոչերին չանսալով՝ հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29