2023 թ. հուլիսի 25-ից ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է Սուրեն Մանուկյանի, Արմեն Քամալյանի, Թաթուլ Պողոսյանի և Մուրադ Մուրադյանի վերաբերյալ քրեական գործը։
2024 թ. հունվարի 24-ին գործը հանձնվել է դատավոր Ս.Մխիթարյանին։ Մինչ այդ այս քրեական գործը գտնվել է դատավորներ Ս.Մարդանյանի, Ն.Բադալյանի, Ս. Ռուշանյանի, Ս. Մխիթարյանի վարույթներում։
Մարզի դատարանը նախորդ օրը`հուլիսի 1-ին պետք է լսեր որպես վկա դատակոչված քննչական խմբի ղեկավար Արթուր Այվազյանին, խմբի անդամ քննիչ Գ.Մնոյանին։ Սակայն նրանք դատարան չէին ներկայացել։
Հիշեցնեմ, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Արմեն Քամալյանի, Մուրադ Մուրադյանի, Թաթուլ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թ. հուլիսի 27-ին, ժամը 07-ի սահմաններում, առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխելով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022 թ. օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել: Նշված ժամանակահատավածում 2022 թ. հուլիսի 29-ին Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով»:
Կարդացեք նաև
Խաչատուր Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցոթյան նախագահն է։
Մեղադրյալ Սուրեն Մանուկյանը դատական նիստերի ժամանակ, երբ լսվել է հերթական անգամ իր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, հայտնել է, որ «գործով նույնիսկ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել, գործը պետք է կարճվի: Շորթման հատկանիշներով վարույթ նախաձեռնելու համար առնվազն պետք է ինչ-որ մեկն առերևույթ հանցագործության մասին հաղորդում և ապացույց ներկայացներ, սակայն այս շինծու գործում նման ապացույցներ առկա չեն: Չկա ապացույց, որ ինչ-որ մեկն առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդում է ներկայացրել, որ ինչ-որ մեկը գույքային վնաս է կրել: Ի սկզբանե ապօրինի քրեական վարույթ է նախաձեռնվել ու այդ ապօրինի քրեական գործի շրջանակներում էլ կատարվում է ապօրինի արդարադատություն: Եթե դատախազը պնդում է, որ ինքը պետք է մնա կալանքի տակ, ինչպես պետք է հասկանալ այն հանգամանքը, որ դա իր նկատմամբ ուղղորդված դիրքորոշում չէ, քանի որ իր հետ նույն մեղադրանքով մեղադրվող մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառված են այլ խափանման միջոցներ, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելք: Ընդ որում, բոլորն էլ մեղադրվում են նույն արարքների համար, առանց տարբերության: Երեք տարուց ավելի ժամանակ ապօրինի պահվում է անազատության մեջ, նույնիսկ չի հասկանում՝ ինչի համար է մեղադրվում:
Այս տարի հունվարից երեք դատական նիստ է կայացել, մնացածները հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով՝ վկաների չներկայանալու, վկաների բացակայության, դատավորի առողջության, քննիչներ հրավիրելու հիմքով։ Գործով հետազոտված են ապացույցները։
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 22-ին։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2026


















































