Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերով

Փետրվար 02,2016 16:32

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը:

Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 56 միջոցառում:

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8 մլրդ 960 մլն 728 հազար դրամ գումարով : Դրա զգալի մասը ուղղվելու է կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև` հանրապետության շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի ու հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութերի տրամադրմանը, Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումներին, ԼՂՀ ՊԲ զորամասերի զորանոցներում ջեռուցման համակարգերի բարելավմանը:

Կարևորելով կապիտալ շինարարության բնագավառը հանրապետության ընդհանուր զարգացման գործում՝ նախագահ Բակո Սահակյանը ներկաների ուշադրությունը սևեռել է ոլորտում առկա խնդիրներին: Նա պատասխանատուներից պահանջել է հետամուտ լինել աշխատանքները որակյալ և պահանջվող նորմերին համապատասխան իրականացնելու գործում:

Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված` կառավարությունը փոփոխություններ է առաջարկել ««Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, կարգավորել հասարակական կազմակերպության անվանման գրանցման, դրա հերթական ժողովի հրավիրման ու փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այն նպատակ է հետապնդում խթանելու հասարակական կազմակերպությունների նպատակային գործունեությունը և ապահովել «միություն» բառը դրանց անվանման մեջ օգտագործելու իրավունքը:

Գործադիր մարմնի առաջարկությամբ՝ փոփոխություններ են նախատեսվում նաև «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ որպես պատիժ սահմանելով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Այս դեպքում նախատեսվում է հետևյալ պատժատեսակներից մեկը` տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում վեց ամսից մեկ տարի ժամկետով:

««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նվազեցնել գյուղական համայնքները մայրաքաղաքի հետ կապող երթուղիների սպասարկման հարկային բեռը և բարձրացնել դրանց ներդրումային գրավչությունը:

Գործադիր մարմինը հանդես է եկել նաև գյուղատնտեսության ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ավելի մեծ ուշադրության արժանացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի փոխկապակցված ոլորտները և այդ բնագավառների նկատմամբ պետական վերահսկողության ձևերը: Ներկայումս սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից վերոնշյալ բնագավառներում ԼՂՀ օրենսդրության պահանջները պահպանելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է միևնույն մարմնի կողմից՝ տարբեր եղանակներով: Բացի դրանից, չկա կոնկրետ մեկ օրենք, որը կսահմանի վերահսկողություն իրականացնող մարմնի և վերահսկվող սննդի շղթայի օպերատորների գործառնություններն ամբողջությամբ:

Գյուղատնտեսության նախարար Ա. Մխոյանի ներկայացմամբ՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությանը ԼՂՀ օրենսդրության համապատասխանեցման պահանջով, սննդամթերքի անվտանգության բնագավառի միջազգային՝ ընդունված և կիրառվող պահանջների ներդրմամբ, ինչն անմիջականորեն կնպաստի սննդամթերքի անվտանգության ապահովման գործունեության կազմակերպմանը և իրականացմանը: Նախագիծն իր մեջ ներառում է նոր հասկացություններ, մեկնաբանություններ: Առանձին հոդվածներով սահմանվում են ԼՂՀ կառավարության լիազորությունները, սննդի օպերատորների պարտականությունները հիգիենայի պահանջների կատարման ընթացքում և այլ դրույթներ:

Նույն նպատակն են հետապնդում նաև «Բուսասանիտարիայի մասին» և «Կերի մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը, որոնք առանձին հոդվածներով սահմանում են կառավարության լիազորությունները, պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելու եղանակները, պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները, ինչպես նաև` կառավարության լիազորություններն այդ բնագավառում, կերի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները:

««ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սննդամթերքի անվտանգության լայնածավալ բնագավառը ավելի հաճախ և արդյունավետ վերահսկողության անհրաժեշտություն է պահանջում, քան ներկայումս ամրագրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում: Ներկայումս «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով տնտեսավարողների մոտ ստուգում իրականացնելու համար քիչ հնարավորություններ են նախատեսված՝ սննդամթերքի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Օրինակ՝ սննդամթերքի անվտանգության ապահովման իրականացման ընթացքում հաճախ առաջանում է ոչ պլանային ստուգումներ անցկացնելու անհրաժեշտություն, ինչը հնարավոր չէ գործող օրենսդրությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերով՝ աշնանացանի և գարնանացանի ընթացքով, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներով, ինչպես նաև՝ արտադրողների ու մթերող կազմակերպությունների միջև համապատասխան հարաբերություններ հաստատելու քայլերով: Սննդի անվտանգության ոլորտը խոցելի ուղղություններից մեկը համարելով՝ նախագահը կառավարությունից պահանջել է օգտագործել բոլոր հնարավոր լծակները բնագավառի առկա վիճակի բարելավման ուղղությամբ: Բակո Սահակյանը կարևորել է նաև հասարակության և զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը ոլորտի խնդիրների վերացման գործում:

Գործադիրի կողմից հավանության արժանացած օրինագծերը կուղարկվեն Ազգային ժողովի քննարկմանը:

Կառավարությունը փոփոխություն է կատարել հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու կարգում, որի նպատակը սև ցել կատարողներին պետական աջակցության ցուցաբերումն է՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման եղանակով: Մինչ այդ պետական աջակցությունը նախատեսված էր միայն սև ցելի մշակության և խնամքի համար ծախսված գումարի մասնակի փոխհատուցման կամ այդ գումարին համարժեք քանակության աշնանացան ցորենի սերմի կամ հանքային պարարտանյութերի տրամադրման ձևով:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Շուրջ 15 կարևորագույն միջոցառումների համար նախատեսվում է ավելի քան 4 մլրդ դրամ գումար :

Կառավարության նիստում հաստատվել է նաև հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը:

Իր նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ՝ գործադիր մարմինը որոշել է նոտարական գրասենյակների աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները վճարել յուրաքանչյուր եռամսյակ՝ գործող յուրաքանչյուր ամսվա փոխարեն: Ըստ նախարար Ա. Դանիելյանի՝ նման մոտեցումը կդյուրացնի գործավարության ընթացքը, ինչը կնպաստի տվյալ բնագավառի արդյունավետության և աշխատանքների կազմակերպման որակի բարձրացմանը:

Իր եզրափակիչ խոսքում նախագահ Բակո Սահակյանը անդրադարձել է նախորդ տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին՝ ընդգծելով ընթացիկ տարվա հիմնական մարտահրավերներն ու անելիքները: Բ. Սահակյանը շեշտադրել է, որ կառավարությունը 2015 թվականին իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները: Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ՝ տարվա ընթացքում պետության կենսագործունեության նախանշված ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29