Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. ՌԴ-ի հետ պետք է լինել թեկուզ ավագ եւ կրտսեր, բայց գործընկեր

Մարտ 03,2016 15:02

«Հայաստանի իշխանությունը պիտի առավել ակտիվ անի այն, ինչ արել է մինչ այժմ`չփորձի խառնվել: Ակտիվ չեզոքություն պիտի պահպանի»,- այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերութուններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, պատասխանելով «Առավոտ» թերթի մեկնաբան Էմմա Գաբրիելյանի հարցին՝ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Լրագրողը հետաքրքրվել էր`ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանը, որպեսզի ռուս- թուրքական լարվածության խորացման կամ առճակատման ժամանակ ավելի խոցելի վիճակում չհայտնվի`հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը օրերս ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել էր`Մոսկվան ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների գոյության սպառնալիք է, որ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը զսպում է ՌԴ-ին եւ պատրաստ է զսպել ու հաղթել, եթե դրա կարիքը լինի։ ՌԴ-ն շարունակում է ընդլայնել իր ազդեցության գոտին, որպեսզի փորձի վերականգնել միջազգային ասպարեզում իր առաջատար դիրքը՝ նկատել է Բրիդլավը, վստահեցնելով, որ ՌԴ-ն օգտագործում է չկարգավորված հակամարտությունները, ինչպես, օրինակ` Ղարաբաղյանը, որպես արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության գործիք՝ պահպանելու համար իր ազդեցությունը:

Բրիդլավի փաստաթուղթը Դավիթ Շահնազարյանը չափազանց լուրջ է համարում, որտեղ նշված են ՌԴ-ի կողմից սպառնացող եւ Արեւմուտքի կողմից նկատվող բոլոր վտանգները. «19 էջանոց փաստաթղթում 90 անգամ նշվում է Ռուսաստանը, 80 անգամ ՆԱՏՕ-ն: Այն շատ հիմնարար փաստաթուղթ է»:

Դավիթ Շահնազարյանը մնում է իր համոզմանը`ՌԴ-ի հետ պետք է հավասարակշռել հարաբերությունները եւ դրանք գործընկերային դարձնել. «Թեկուզ ավագ եւ կրտսեր գործընկեր, բայց գործընկերային, որովհետեւ այս մակարդակը առնվազն բավարար չէ»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանն էլ, արձագանքելով հարցին՝ ասաց, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, հարաբերություններ է զարգացնում, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ`վարելով «Հայաստանի շահերից բխող» քաղաքականություն: ԱԳՆ-ի պաշտոնյան դրական է համարում, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման համատեքստում համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ԵԱՀԿ Մինսկի խմբում համագործակցում են եւ տարաձայնություններ չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031