Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարված բժիշկը Շիրակի նորանշանակ ոստիկանապետի հորեղբոր որդին է

Մարտ 28,2016 18:40

Ինչպես տեղեկացրել ենք, ուրբաթ առավոտյան դիմակավորված անձիք իր տան՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին նրբանցքի բակում հարձակվել ու մահակներով ծեծի էին ենթարկել Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը նրան ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Մեր տեղեկություններով, բժիշկը իր ցուցմունքում նշել է, որ դիմակավորված անձիք իրեն գումարի ու առհասարակ ոչ մի պահանջ չեն ներկայացել, այլ տնից դուրս գալուն պես՝ երկու հոգի հարձակվել են իր վրա ու ծեծել: Թե ո՞րն է պատճառը, դեռ անհայտ է. ոստիկանությունից մենք ճշտեցինք, որ հանցագործները դեռ բացահայտված չեն:

Նշենք, որ պոլիկլինիկայի տնօրենը Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հորեղբոր տղան է, չնայած ազգանունները տարբեր են, սակայն արյունակիցներ են: Վերջիններս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի համագյուղացիներն են՝ Լեռնակերտ գյուղից. թե՛ ոստիկանապետը, թե՛ մարզպետն այս օրերին անընդհատ այցելում էին Գյումրի բժշկական կենտրոն՝ հետաքրքրվելով տուժողի առողջական վիճակով:

Եթե արարքը չի որակվել որպես ավազակային հարձակում՝ արդյո՞ք այս ամենը կարող է կապված լինել Արտուշ Ասատրյանի մասնագիտական գործունեության հետ, մեր այս հարցին ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն ու գյումրեցի մի քանի բժիշկներ նրան որպես համեստ ու հավասարակշռված անձ են բնութագրում:

Բժշկի մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա, դանակը, բարեբախտաբար. թոքին չէր հասել: Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ Արտուշ Ասատրյանը նախորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. « 2016 թվականի մարտի 25-ին` ժամը 8:30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հարձակվել են ամուսնու՝ Արտուշ Ասատրյանի (Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրեն) վրա և ծեծել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա.Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ և դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի։

Ա.Ասատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի ջնջխված վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածքով: Ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն Արշակյան says:

    Ամեն անգամ նման նյութեր կարդալուց հիշում եմ բժշկական համալսարանի ուսանողի սպանության գործը:Այդպես էլ դրդապատճառը անհասկանալի մնաց:Անհասկանալի գործ :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031