Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «20-ամյա զինվորները գերազանցել են մեզ» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 15:40

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներն ապրիլի 3-ից Արցախում են` զինվորի կողքին: «Սկզբում ազատամարտիկների մի մասը մեկնեց, հաջորդ օրը` եւս մեկ խումբ: Գումարտակի տղաների մոտ 80 տոկոսն Արցախում է: Միանգամից բոլորով չենք գնում, գործում է հերթափոխ»,-ապրիլի 15-ին «Հայելի» ակումբում տեղեկացրեց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Խաչիկ Զաքարյանը:

«Պռոշյանի պանթեոնը, որտեղ հավաքվեցինք եւ գնալու որոշում կայացրեցինք, մեզ համար սրբավայր է, այնտեղ են ամփոփված մեր հերոս ընկերները»,-նշեց գումարտակի մեկ այլ ազատամարտիկ Օֆելյա Գրիգորյանը: Նրա ամուսինը, որը Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկն է, եւս սահմանում է. «Երբ հեռախոսով զրուցում ենք, կարծես «ռոբոտ» լինի, բայց ասում է` «ամեն ինչ լավ է, եղանակը լավ է, երեխաներին լավ նայի, լավ է լինելու»: Այդ նոտան մեզ բավարարում է: Ձայնի երանգում անգամ տագնապ չենք զգում: Հաշվի առնենք, որ մեր գումարտակի տղաները հիսունն անց են, բայց նրանց այնտեղ լինելը ճիշտ է: Համախմբվածությունը չպետք է թուլացնել: Կրակոցները թուլացել են, բայց այս հողը եւ խաղաղությունը մեր ընկերների արյամբ է ձեռք բերվել եւ դա թողնելն անբարոյականություն է:

Անբարո է նաեւ քսանամյա տղաներին թողնելը: Մեր ազատամարտիկները` բոլորը, հիացմունքով ասում են, որ այդ 20-ամյա տղաները գերազանցել են մեզ: Եթե ասում էինք` ո՞վ է գնալու հիմա Արցախ, այսօր փաստվեց, որ լավ էլ գնացել են, յուրաքանչյուրի ոտքերին մեռնեմ, մայրերին մատաղ, որ նման լավ երեխաներ ունեն: Մենք խնդիր չունենք, որովհետեւ ունենք նման զինվորներ»:

Խոսելով կամավորության սկզբունքներից` Խաչիկ Զաքարյանը նկատեց, որ բոլոր կամավորները պետք է գործակցեն հրամանատարների հետ. «Զենք վերցնել եւ գնալ ոտքի տակ ընկնել` ճիշտ չէ: Ամեն հարցում պետք է գործակցել ՊԲ-ի եւ զորամասերի հետ»:

Տիկին Օֆելյան այս հարցում համակարծիք է. «Կապ չունի` հրամանատարը երիտասարդ է, թե ոչ: Նա է որոշում կայացնողը եւ հրաման տվողը»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930