Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիտոնյան. «Ցեղասպանությունը պետք է կապվի Արցախյան պատերազմի հետ» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 16:40
militonyan

«Չորսօրյա պատերազմի արդյունքում նորից տեսանք, որ աշխարհից` Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից ոչինչ չպետք է ակնկալենք: Համոզվեցինք, որ հայ ժողովուրդն ինքը պետք է հասկանա իր դատը եւ պաշտպանի այն»,-կարծում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նրա համոզմամբ` ՀՀ պետական քաղաքականությունը պետք է մի հանգամանք հստակ ամրագրի. «Հայոց ցեղասպանությունը պետք է կապվի Արցախյան պատերազմի հետ: Արցախյան պատերազմի հաղթական դափնիների վրա պառկած` չենք մտածել այդ մասին: Քարոզչական դաշտում պետք է նախահարձակ լինեինք: Չես ապացուցի` ադրբեջանական կողմում վարձկաններ էին, թե ԻՊ-ականներ, բայց սա շարունակությունն էր ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի ցավալի իրողությունների: Մեր գիտակցության մեջ ինքնապաշտպանությունը գերիշխող է դարձել:

Եթե Ռուսաստանը մեզ տվել է պաշտպանական, իսկ Ադրբեջանին` հարձակողական զենքեր` հավասարակշռություն պահպանելու նպատակով, ապա ինձ չի համոզում նման տրամաբանությունը: Փաստորեն, «թուրանական ճակատի» դեմ մեն-մենակ ենք կանգնած»,-ապրիլի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Միլիտոնյանը:

vahan-artsruni

Երգիչ, երգահան Վահան Արծրունու բնորոշմամբ` քառօրյա չհայտարարված պատերազմը ցույց տվեց, որ ազգի կորիզն անփոփոխ է. «Այդ կորիզի շնորհիվ քսանհինգ տարի առաջ մենք անկախություն ունեցանք, եւ այդ կորիզի առկայությունն այսօր էլ հաստատվեց»,-ասաց Արծրունին` նկատի ունենալով Արցախի շուրջ ազգային համախմբումը:

Վահան Արծրունին ակնարկեց, որ իր համար անհասկանալի էր Ռուսաստանի հայերի քաղաքական պասիվությունը, մինչդեռ այլ երկրների հայկական համայնքներն ակտիվ ցույցեր կազմակերպեցին` բողոքելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունների դեմ. «Ինձ համար նաեւ դրական է, որ Հայաստանի ղեկավարը վերջապես խոսեց քաղաքական շանտաժի տեսանկունից: Ասաց, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Սա ես բեկումնային եմ համարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930