Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոումինգը՝ քաղաքական աստառով

Ապրիլ 20,2016 13:04

Խորհրդային Հայաստանի տարածքում էին գտնվում Քյարքին, Սոֆուլուն եւ Վերին Ոսկեպարը, որոնք սակայն պատկանում էին խորհրդային Ադրբեջանին: Իր հերթին, խորհրդային Ադրբեջանի տարածքում էր գտնվում Արծվաշենը, որը պատկանում էր խորհրդային Հայաստանին: Դրանք անկլավներ էին, որոնք չունեին որեւէ ցամաքային սահման այն երկրի հետ, որի վարչական միավորներ էին հանդիսանում:

Խորհրդային Միության կազմից Հայաստանը դուրս եկավ Արծվաշենով, իսկ Ադրբեջանը Քյարքիով, Սոֆուլույով եւ Վերին Ոսկեպարով հանդերձ: Դա իր հերթին նշանակում է, որ աշխարհը ճանաչում է Արծվաշենը Հայաստանի, իսկ Քյարքին, Սոֆուլուն եւ Վերին Ոսկեպարն Ադրբեջանի անբաժանելի մաս:

Այս պարագայում, անկախ իմ կամ որեւէ մեկի կարծիքի, ես փաստում եմ աշխարհի իրավական դիրքորոշումը: Իրականում, Արծվաշենն այժմ գտնվում է Ադրբեջանի, իսկ Քյարքին, Սոֆուլուն եւ Վերին Ոսկեպարը Հայաստանի տիրապետման ներքո:

Հիմնավոր տեսակետ կա, որ տարածները փոխանակվել են քաղաքական համաձայնության շրջանակներում: Այս տարածքներն, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որի կարգավիճակն իրավական հստակեցման փուլում է, չունեն իրավական կարգավիճակ՝ դրանք փոխանակված են եւ վերջ:

Քյարքիում, Սոֆուլույում եւ Վերին Ոսկեպարում գործում են հայաստանյան բոլոր բջջային օպերատորների կողմից մատուցվող ծառայությունները: Կարծում եմ, որ Արծվաշենում եւս կգործեն ադրբեջանական բջջային օպերատորները:

Այժմ հայաստանյան հասարակությունը բանավիճում է: Մարդիկ քննարկում են մեր երկրում գործող բջջային օպերատորների կողմից կիրառվող ռոումինգի սակագները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Մեկն ասում է, որ սակագինը բարձր է, մյուսը հակառակն է պնդում, իսկ մեկն էլ հրճվում է այն հանգամանքով, որ քառօրյա պատերազմի ընթացքում օպերատորները ռոումինգի սակագինն իջեցրին: Ցավալի է, որ բանավեճի մասնակիցներից եւ ոչ մեկը Լեռնային Ղարաբաղում ռոումինգի վերացման հարց չի բարձրացնում: Եվ ընդհանրապես հայաստանցիների բացարձակ մեծամասնության մոտ այդպիսի հարց չի առաջանում:

Մենք բոլորս, իհարկե, կողմ ենք, որ Ղարաբաղը մերն է, բայց, չգիտես ինչու կողմ ենք, որ այդտեղ ռոումինգ լինի՝ խնդիրը տեսնելով միայն դրա սակագնի մեջ: Ինչո՞ւ: Անտեղյա՞կ ենք, Ղարաբաղ չե՞նք գնում, հարու՞ստ ենք: Այդ հարցի պատասխանը տալիս է հասարակության լայն զանգվածը, որի կարծիքով. «միջազգային կառույցները դեմ կլինեն Ղարաբաղում ռոումինգի վերացմանը, քանզի դա կդիտարկեն որպես անկախ երկրի վրա ոտնձգություն»: Ահա այդպիսի տեսակետ:

Ի դեպ, իմ կարծիքով, հենց այդպես են մտածում նաեւ Հայաստանի ղեկավարները: Եվ այդպես է ձեռնտու մտածել նաեւ հայաստանյան բջջային օպերատորներին:

Ստացվում է, որ ըստ նրանց «միջազգային կառույցները» արդեն ճանաչել են (՞) Լեռնային Ղարաբաղը եւ ռոումինգի վերացումը կդիտվի որպես ոտնձգություն այլ երկրի նկատմամբ: Միանշանակ է, որ նման կարծիքի միայն առկայությունն անգամ մեծ դիվիդենդներ եւ հետեւաբար խոշոր չափի գումարներ է բերում օպերատորներին:

Այժմ անցնեմ բուն թեմային: Ուրեմն ի՞նչ ունենք: Շարադրեմ միայն փաստերը: Քյարքիում, Սոֆուլույում եւ Վերին Ոսկեպարում, որոնք իրավաբանորեն Ադրբեջանի տարածքներն են, սակայն մեր վերահսկողության ներքո են գտնվում, չկա ռոումինգ: Այդ տարածքներից շփումն ազատ է բոլոր բջջային օպերատորների միջոցով: Ես չգիտեմ, թե կա՞ արդյոք ռոումինգ ՝ իրավաբանորեն Հայաստանին պատկանող, սակայն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արծվաշենում: Սակայն հաշվի առնելով հարեւան երկրի քաղաքականությունը՝ գտնում եմ, որ գրեթե անհավանական է, որ ադրբեջանական բջջային որեւէ օպերատոր ռոումինգ կիրառի Արծվաշենում:

Լեռնային Ղարաբաղը մերն է եւ մեր վերահսկողության ներքո է, սակայն դրա ամբողջ տարածքում հայաստանյան բջջային օպերատորները կիրառում են ռոումինգ: Ստացվում է, որ ռոումինգն ընդհանրապես կախված չէ երկրների իրավական կարգավիճակի հետ, քանզի եթե մեր բջջային օպերատորները կարող են չկիրառել ռոումինգ՝ իրավաբանորեն մեզ չպատկանող Քյարքիում, Սոֆուլույում եւ Վերին Ոսկեպարում, ապա դրա կիրառումը Լեռնային Ղարաբաղում միայն տարակուսանք է առաջացնում:

Այլ կերպ ասած, եթե հայաստանյան բջջային օպերատորները, հաշվի առնելով «միջազգային կառույցների»՝ այլ երկրի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու վարկածը, ռոումինգ են կիրառում Լեռնային Ղարաբաղում, ապա ինչո՞ւ հաշվի չեն առնում նույն կառույցների տեսակետը՝ ռոումինգ չկիրառելով Քյարքիում, Սոֆուլույում եւ Վերին Ոսկեպարում:

Բացի այդ եթե ռոումինգի գները կարելի է իջեցնել մի քանի տասնյակ անգամ, ապա ինչո՞ւ են դրանք այդքան բարձր եւ ինչքանո՞վ է բարոյական դրանց իջեցումը միայն պատերազմի օրերին: Հարցերը շատ են, սակայն, համենայնդեպս ինձ համար պարզ է, որ ռոումինգը, մեր իրողության մեջ, դա քաղաքական աստառով՝ անհիմն հարստանալու լծակ է: Բավական հզոր, սակայն անազնիվ լծակ:

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930