Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ամենուր, ջազում էլ մոնոպոլիա կա»

Ապրիլ 21,2016 13:30

Ճանաչված ջազմեն Գարի Քյոսայանը՝
ջազային արվեստի ու առաջիկա համերգի մասին

Ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեկո Գարի Քյոսայանի հետ» խորագրով բացառիկ համերգ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ջազային անվանի երաժիշտը, այս անգամ ավելի նոր եւ ազատ ծրագիր է լինելու, 4 ստեղծագործությունների պրեմիերա ու ամենակարեւորը՝ երիտասարդ շնորհալի երաժիշտների կհանդիպենք: Ջազի վարպետը լավ աուրա է խոստանում ունկնդրին, երեկոյից անմասն չի լինի նաեւ նրա տիկինը՝ դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանը: Գարի Քյոսայանի, ինչպես մնացած համերգներին, այս անգամ եւս հատուկ հյուր կլինի՝ սաքսոֆոնահար Վլադիմիր Կալյուժնին:

Մեր հարցին՝ դժվար չէ՞ արվեստում սեփական կնոջ հետ գործընկեր լինելը, արդյոք ստեղծագործական վեճեր չե՞ն լինում, պարոն Քյոսայանը հայտնեց, որ իրենք վաղուց են այդ փուլը հաղթահարել, քանի որ Ալլա Սահակյանը սկզբում իր գործընկերն է եղել, հետո՝ դարձել կինը:

Խոսելով Հայաստանի ջազային ավանդույթների ու ունկնդրի մասին, մեր զրուցակիցը փաստեց. «Ունենք հաստատուն հանդիսատես, որը ջազ է սիրում, որին չեն կարող խաբել ու ջազի անվան տակ ուրիշ բաներ մատուցել…Հաճախ այնպիսի՜ երգեր են վերցնում, օրինակ՝ «Աման Թելոն» ու ասում են՝ ջազ երեկո ենք անում: Մինչդեռ «Աման Թելոյով» ջազ երեկո չեն անում, ջազը մնում է ջազ, ինքը էլեգանտ արվեստ է: Իհարկե, ջազը կարող է ինչ-որ էլեմենտներ վերցնել ազգայինից, բայց ինքը մնում է ջազ: Հաճախ նաեւ թուրքական մեղեդիներ են երգում, ասում են ջազ է, ի՜նչ գործիք ասես նվագում են: Մյուս կողմից էլ՝ անգամ քանոնով է հնարավոր նվագել ջազ, եթե ջազի զգացողություն ունես»:

Ջազի վարպետը երիտասարդ ջազային երաժիշտներին խորհուրդ է տալիս ավելի շատ դասական ջազ լսել, ասում է. «Ամեն ինչը հիմքի վրա է, եթե շենքը հիմք չունենա, ավազի վրա չի կարող կառուցվել: Օսկար Պետերսոն, Լուի Արմսթրոնգ ու մյուսներին լսեք…Հիմք չունեցող երաժիշտը չի կարող նոր խոսք ասել ջազում եւ ընդհանրապես»:
Աշխարհով մեկ շրջած ու այլ ճանաչված երաժիշտների հետ համագործակցած մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հայ ունկնդիրը գրագետ է ու խստապահանջ, ինչը միակ ճանապարհն է դեպի ճիշտ արվեստ. «Դա է պատճառը, որ 60-ականներին, ով մեր ֆիլհարմոնիայում նվագում ու հաջողություն էր ունենում, աշխարհի դռները բացվում էին նրա առաջ, Հայաստանը ժամանակին արվեստի մեծ կենտրոն էր: Հիմա էլ է կենտրոն, բայց ուզում են փչացնել…»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Գարի Քյոսայանի՝ մանկավարժական համալսարանի հետ մեկամյա համագործակցությանը, ուզում էր համապատասխան ֆակուլտետ բացել, բայց ֆինանսների բացակայության պատճառով մտահղացումը չիրականացավ, այդ ընթացքում հասցրեց մի շարք համերգներ ունենալ: Գարի Քյոսայանը ցանկություն ունի սեփական դպրոց բացելու, սակայն ասում է, որ առանց պետական աջակցության դա հնարավոր չի լինի, որովհետեւ սեփական ուժերով բարդ է նման ձեռնարկը գլուխ բերելը: Ամեն դեպքում, երաժիշտը պատրաստ է վարպետության դասընթացներ անցկացնել, սովորեցնել, առաջիկայում պատրաստվում է հանդիպել մի քանի բուհերի ուսանողության հետ, որտեղ գնահատում են նրա արվեստը: «Եթե համապատասխան հարթակ լինի, անգամ առանց վճարի բոլորի համար վարպետության դասընթացներ կանցկացնեմ: Ցավոք, ամեն ասպարեզում ղեկավարում են տգետները, որոնք փչացնում են մեր երկիրը»,- ասում է երաժիշտը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստանում անցկացվող ջազային փառատոներին, համապատասխան հաղորդումներին, ինչո՞ւ է անունը բացակայում Ջազի անթոլոգիայից:

«Երեւի ես այդ մակարդակին չեմ աճել»,- հեգնեց մեր զրուցակիցը: Ապա սեղմ հավելեց. «Ամեն տեղ մոնոպոլիա կա, ջազում՝ նույնպես»:

Փաստենք, որ Գարի Քյոսայանը եղել է առաջին ջազային երաժիշտներից մեկը Հայաստանում։ Նա իր գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն, 1988-ին տեղափոխվել է ԱՄՆ, 1990-ին ստեղծել «Գարի Քյոսայան ջազ կվարտետը»։ 1998-ին նրա «Քեզ համար» ձայնասկավառակը ԱՄՆ-ում արժանացել է «Լավագույն ջազ ալբոմ» մրցանակին, իսկ Քյոսայանը ճանաչվել է ԱՄՆ-ի «Լավագույն ջազ երաժիշտ»։

Նա հայկական ջազում մեծ ներդրում ունեցած երաժիշտ է, որը համագործակցել է ոլորտի այլ հանրահայտների հետ, այդ թվում՝ Լուի վան Թեյլորի, Վիլի Ջոնսի, Գառներ Թոմասի, Ջորջ Բրաունի, Էդի Հերիսի, Ռեյ Բրաունի, Ֆրենկ Վիլսոնի, Մայքլ Սոուսերի: Ինչ վերաբերում է ամերիկացի բասկիթառահար Մայքլ Սոուսերին, Գարի Քյոսայանը պատմում է. «Սոուսերի անձնագրում տեղ չկար, ամբողջը կնիքներ էին, ինքը աշխարհով մեկ շրջած հայտնի բասկիթառահար է: Երբ առաջին անգամ եկավ Հայաստան, ապշեց, ասում էր՝ նման ջերմ երկիր չի տեսել, նման էներգիայով, խաղաղ, բարեհամբույր ժողովուրդ: Շրջում էր Երեւանում, ասում էր՝ ոնց որ իմ քաղաքում ման գամ: Խնդրեց, որ երկրորդ անգամ էլ գա: Երբ երկրորդ անգամ եկավ, ասաց, որ տուն վերադառնա՝ չի ասելու ոչ մեկին Հայաստանի մասին, ասաց, չեմ ասի, որ չգան, փչացնեն»:

«Առավոտի» հետ զրույցում խոսք գնաց նաեւ նրա նոր նախագծերի մասին: Ջազմենն ասաց, որ այս պահին աշխատում է «Ծիր կաթին» ձայնասկավառակի վրա, որտեղ զետեղված նոր ստեղծագործություններից կհնչեն ապրիլի 21-ի համերգում: Խոսելով իր մյուս ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Ավե Մարիայի» մասին, նշեց, որ այն նվիրել է Մոնսերատ Կաբալյեին, որը անչափ տպավորվել է ու ցանկություն հայտնել հնչեցնել:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930