Սեպտենբերի 13-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բաց դահլիճում համերգով հանդես եկավ Արցախում ծնված մշակութային խմբերից Արցախի պետական ջազ նվագախումբը՝ Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ։
Ներկա էին ջազի սիրահարներ, նաև՝ օտարերկրացիներ։
Ինչպես միշտ, արցախյան մշակութային խմբերի ելույթների ժամանակ շատ էին արցախցիները։
Կարդացեք նաև
Ողջունելով ներկաներին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Սուչյանն ասաց․ «Ձեզ սպասում է ջազային բարձր տրամադրությամբ և խելահեղ ռիթմերով հագեցած հեղինակային ստեղծագործությունների երեկո»։
Եվ ավելի քան մեկ ժամ տևած համերգի ընթացքում ոգևորված հանդիսատեսը ծափահարում էր ջազի երաժիշտներին։
Երգչախմբի ղեկավարը հակիրճ ներկայացրեց իրենց ելույթների մասին ՀՀ տարածքում։ Նշեց՝ նույնիսկ կարողացել են հանդես գալ արտերկրում։
Իսկ քանի որ Արցախի պետական ջազ նվագախումբն է, պարզ է՝ պետք է հնչեին նաև արցախցի երգահանների գործեր։ Ու երջանկահիշատակ Արթուր Գրիգորյանի «Մեղեդի», այնուհետև Մարտին Վարդազարյանի «Քո լավ աչքերից» և այլ երգերի հրաշալի կատարումով հանդես եկավ երգչուհի Ժաննա Դավթյանը՝ ինչպես նշեց խմբի ղեկավարը՝ իրենց սոխակը։
Կոմիտասի հավաքագրած «Գարուն ա» ֆոլկ ստեղծագործությունը հնչեց թավջութակահարուհի Մարիա Արիստակեսյանի գեղեցիկ մշակմամբ։
Հանդիսատեսին մեծ ոգևորություն պարգևեց նաև երգչախմբի ամենակրտսեր երգչուհի Կիրա Ալավերդյանի ելույթը։
Սա երգչախմբի՝ այս տարվա արդեն երրորդ համերգն էր, որի ընթացքում հնչեց նաև երգչախմբի ղեկավարի հեղինակային «Վերադարձ» ստեղծագործությունը՝ շեփորահար Արթուր Իսրայելյանի գործիքավորմամբ։
Այս անգամ էլ երգչախմբի հետ իր արհեստավարժ կատարումով ներկայացավ շեփորահար Հայկ Գրիգորյանը։
Հնչեցին երգչախմբի անդամների հեղինակային այլ ստեղծագործություններ ևս։ Վերջին ստեղծագործությունից հետո երգչախմբի ղեկավար Տ․ Սուչյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներկայության և ջերմ ընդունելության համար։ Շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչ Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Գարեգին Սարգսյանի, Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությանը, որ դարձել է երգչախմբի մշտական գործընկերը։
Դահլիճում ներկա էին նաև «Դիալոգ»-ի հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանը, ՀԿ ներկայացուցիչներ։ Համերգից հետո էլ հանդիսատեսներից շատերը մնացել էին․ ցանկանում էին իրենց սրտի խոսքն ասել երաժիշտներին, հայտնել շնորհակալություն ոգևորող ելույթների համար։
Զոհրաբ Ըռքոյան




































































