Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի նամակը համարում է «վերջին ճնշումը գործադրելու» փորձ

Ապրիլ 27,2016 12:08

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

– Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը փորձում է, այսպես ասած, «պորտալարը կտրել» Ռուսաստանից:

– Նախագահ Սարգսյանն այդ հարցազրույցում ասաց այն պարզ ճշմարտությունները, որոնք բոլորիս հայտնի էին եւ ինքն այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնել է: Ռուսաստանից «պորտալարը կտրելու» ձեր տեսակետի հետ այդքան էլ համամիտ չեմ: Կարծում եմ եւ չորսօրյա պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածները ցույց տվեցին, որ «մեր անվտանգության երաշխավոր» օգտագործվող տերմինը եւ կոնկրետ մատնացույց անելը Ռուսաստանին, դա այդպես չի:

Ռազմավարական գործընկերոջը չպետք է անվտանգության երաշխավոր անվանել: Անվտանգության երաշխավորն ինքդ ես`քո ազգը, պետությունը, ժողովուրդը, բանակը: Քո ստեղծած բոլոր միջազգային կապերը, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ի հետ ունեցած մեր հարաբերությունները եւ այլն: Իհարկե, բոլոր հարաբերություններում, ՌԴ-ն ունի իր ուրույն տեղը, դերը, նշանակությունը եւ տարածաշրջանում, եւ մեր պետության համար: Այդ ճշմարտություններն է, որ նախագահը բարձրաձայնում էր այդ հարցազրույցի ընթացքում:

Քանի որ մինչ այժմ այդ գիտակցումը չկար, ավելին, դրանք առաջին դեմքի կողմից չէին բարձրաձայնվում, հիմա, ենթադրվում է նաեւ, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր էլ պիտի արվեն: Ի՞նչ քայլեր են արվելու:

– Դրանք, ընդհանուր առմամբ, վերաբերում են մեր պետության բոլոր համակարգերին, ինստիտուտներին, պետության բոլոր ճյուղերին`սկսած բանակից, տեղեկատվական խնդիրներով ներքին կարգ ու կանոնով: Մենք պետք է մի բան հասկանանք`ինչպիսի՞ իրավիճակում է գտնվում ԼՂՀ-ն, հետեւաբար, նաեւ ՀՀ-ն: Յուրաքանչյուր մարդ պետք է գերլարված ճիգեր գործադրի իր տեղում, պետական ինստիտուտներն ավելի ինտենսիվ պիտի աշխատեն, քան աշխատելու են վաղը: Այդ խնդիրը պետք է լինի բոլորի առջեւ:

-1999 թվականին Վազգեն ՍարգսյանԿարեն Դեմիրճյան ալյանսի ժամանակ համանման մի իրավիճակ ստեղծվեց, ինչն ավարտվեց «հոկտեմբերի 27»-ով: Զուգահեռներ տեսնո՞ւմ եք:

– Չեմ ուզում որեւէ զուգահեռ տեսնել: Կարծում եմ, որ մենք ունենք իրերին սթափ նայելու անհրաժեշտություն եւ ունակություն: Դա վերաբերում է բոլորին: Ոչ ոք իրեն չպետք է վերապահի դատավորի դեր եւ ուրիշներից պահանջի: Բոլորը պետք է այսօր աշխատեն ավելի լավ, քան վաղն են աշխատելու:

Ուշադրություն դարձրեք, որ այս օրերին շատ ակտիվ գործում է եւ պառլամենտական եւ պետական արտաքին քաղաքականությունը սպասարկող ոլորտը: Իր գործն է անում նաեւ մեր Սփյուռքը`համատեղ, միավորված: Պետության բոլոր հնարավորությունները հստակեցվում են եւ դրանք շատ արդյունավետ ու նպատակային պետք է օգտագործվեն:

Ի հեճուկս Ձեր համոզման, այս օրերին իր պասիվությամբ աչքի ընկավ ՀՀ արտաքին դիվանագիտական ոլորտը սպասարկող ինստիտուտը: Բազում քննադատություններ էլ հնչեցին:

– Հաճախ հանրությունը որեւէ ինստիտուտի գործունեությունը բնութագրում է այն քարոզչական կամ ինֆորմատիվ տեղեկություններով, որոնք ինքը ստանում է: Բայց հաճախ, նման ոլորտներում, պետական ինստիտուտները, այդ թվում նաեւ պաշտպանական, ստիպված են լինում իրենց աշխատանքը չփառաբանել, չգովաբանել:

Նախօրեին ՀՀ ԱԳՆն հայտարարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿի ԱԽին`տեղեկացնելով 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանի խզելու մասին:

– Այդ ստորագրությունը կար, թե՞ չկար, էական բան չի փոխում: Ադրբեջանի`պատերազմ սկսել կամ չսկսելը կապված չի այդ ստորագրության առկայության հետ, այլ իր հնարավորությունների: Իմ կարծիքով, սա վերջին ճնշումն է միջազգային հանրության, համանախագահների եւ Հայաստանի վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930