Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Երկանյան. Մեր իշխանությունները մարդատյաց են. «Իրատես»

Մայիս 03,2016 12:49

Հնագույն  երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի հետ զրույցը սահմանային լարվածության, երկրի անվտանգության, անհրաժեշտ քայլերի, նաև մշակույթի դերի ու կրթական խնդիրների մասին է։

– Լայնամասշտաբ հարձակումներից հետո սկսեցինք առավել պարզորոշ գիտակցել, խոսել այն մասին, որ զինադադարը Ադրբեջանի հետ ժամանակավոր է, պատերազմը երբեք էլ չի ավարտվել։ Այնինչ մտածելու, գործելու համար երկու տասնյակ և ավելի տարի ունեինք։

– Խաղաղության, զինադադարի, պատերազմական վիճակի, երկրի ներքին և արտաքին ապահովվածության պատասխանատվությունը հիմնականում իշխանության վրա է։ Մենք շարունակ զոհեր ենք ունեցել սահմանին, մի՞թե զավակին կորցրած ծնողի, ընտանիքի համար դա պատերազմ չէ։

Եթե զինադադար է հայտարարված, դեռ չի նշանակում, թե պատերազմ չկա։ Այդ առումով՝ 88-ից սկսած առայսօր մեզ մոտ պատերազմական վիճակ է։ Հանրային գիտակցության հեղհեղուկ վիճակը պայմանավորված է իշխանության անբարո գործունեությամբ, չափից դուրս ինքնավստահությամբ։ «Մեր դեմ խաղ չկա» վանոյական ասացվածքը դարձել է հետվանոյական բոլոր ապերոների, թաղային և այլ հեղինակությունների մանդատը։ Տնից դուրս գալիս անպայման հանդիպում ես դրան, կլինի մուտքի տղա, թաղի տղա, վարորդ, ով ոնց ուզում վարում է մեքենան, ուզում է՝ ծխում է, ուզում է՝ կաթվածահար է անում երթևեկությունը։

Իշխանության «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը կարգալուծեց դժվարին պայքարի միջոցով ձեռք բերած անաղարտ գիտակցությունը, որ ժողովրդի ուժը միասնության մեջ է։ Մեր իշխանությունները շատ արագ պայքարեցին դրա դեմ, այսինքն՝ նրանք մարդատյաց են։ Նրանց համար ժողովուրդը, մարդը այս օրերի համար են միայն պետք, քանի որ պատերազմական իրավիճակում ժողովուրդը միախմբվում է։ Ես վստահ եմ, երանի թե սխալվեմ, եթե վաղը կամ մյուս օրը հանրային շահը պահանջի կրկին փողոց դուրս գալ, էլեկտրիկ կամ այլ անվան տակ, հրամանը կարձակվի, ու ոստիկանները մեծ ախորժակով կհարձակվեն միտինգավորների վրա, չմտածելով, որ դրանց շարքերում կարող են լինել այսօրվա զինվորները։

Իսկ զինադադարի տարիները մենք կորցրինք, որովհետև զբաղված էինք սեփական գրպանները լցնելով։

– Այդ գրպանները պաշտպանել է պետք։

– Կապրենք՝ կտեսնենք։ Թանկարժեք մեքենաների, առանձնատների, Շվեյցարիայում շոկոլադի գործարան կառուցելու փոխարեն զենք գնելու գիտակցությունը հանրությունից է դուրս գալիս, ոչ՝ նրանցից։ Նրանք բնավ պատրաստ չեն այդ ամենից հրաժարվելու։ Այսինքն, մենք ամուր զինադադար կունենայինք՝ հնարավորինս քիչ զոհերով, եթե իշխանական ապարատը առաջին հերթին մտածեր երկրի մասին, անվտանգության մասին, խաղաղության մասին։ Ա՛յ, այստեղ է երևում, որ «Մեր դեմ խաղ չկա»-ն պարտվեց։ Այդքան զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը նրանք վաղը կվերագրեն, եթե արդեն չեն վերագրել, իրենց դիվանագիտական, ռազմական հաղթանակին։

 

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031