Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանական սարսուելաներ, կրքոտ երաժշտություն, սեր, խանդ ու բրավոներ. սոպրանո Գայանե Ղամբարյանը Իսպանիան բերեց Հայաստան

Մայիս 28,2026 17:20 Share

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրեց սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով յուրահատուկ մենահամերգը։

Երեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ նաեւ իսպանական սարսուելաներից։ Մշակումները եւ գործիքավորումն իրականացրել էր համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Գայանե Ղամբարյանի համագործակցությունն այս համույթի հետ սկսվել է 2018-ից, իսկ 2020-ից նա «Տաղարանի» մենակատարն է։

«Իսպանիայից եմ գալիս» խորագրով համերգի ծրագրով դարձյալ լեփ-լեցուն դահլիճում Գայանեն հանդես էր եկել անցյալ տարվա սեպտեմբերին։ Ծրագիրն այնքան էր սիրվել, որ հարկ եղավ այն կրկնելու։ Ի դեպ, իսպանական սարսուելաներն այդքան մեծ ճանաչում չունեն մեզանում՝ բացի մեկ-երկուսից, եւ «Տաղարան» համույթի շնորհիվ է, որ դրանք ներկայացվում են երաժշտասեր հանրությանը։

Գայանե Ղամբարյանի ձեւակերպմամբ՝ դրանք իրենց մեջ կրում են իսպանական երաժշտությանը բնորոշ տաք, կրքոտ, սիրառատ մելիզմներ, իսկ բոլոր ներկայացված ստեղծագործությունները սիրո, խանդի, արկածախնդրությամբ լեցուն դրամատիկ ապրումների մասին են։ Երգչուհու ամենասիրելի ստեղծագործություններից մեկն, օրինակ, Միգել Մարկեսի «Երկաթե մատանին» սարսուելայից Մարգարիտայի ռոմանսն է՝ տարբեր սոցիալական խավերի միջեւ եղած սիրո մասին։ Սոպրանոն, սակայն, բոլոր ստեղծագործություններն էլ տպավորիչ է կատարում՝ շնորհիվ իր հրաշալի ձայնային հնարավորությունների, բեմական խարիզմատիկ ներկայության ու արտիստականության։

Երեկոն անշուշտ ստացված էր, վկայությունը՝ հոտնկայս ծափահարություններն ու բրավոներն էին։ Երեկոյին մասնակցում էին նաեւ «Այաս» պարային դպրոցի սաները։

Հավելենք, որ համերգային ժանրին զուգահեռ՝ Գայանե Ղամբարյանի երգչական գործունեության շատ կարեւոր մաս է կազմում երգեցողությունը օպերային ժանրում, երգչուհու հետաքրքրությունները հատկապես իտալական օպերային գլուխգործոցների համատեքստում են։ Գայանե Ղամբարյանն, անշուշտ, մեծ ներուժ ունի, ինչը փաստել են ոլորտի լավագույն մասնագետները, հայազգի սոպրանոն կարող է փայլել աշխարհի հայտնի բեմերում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031