Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար»

Մայիս 19,2016 17:19

Նախագահ Սերժ Սարգսյանը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը(GIZ):
Բիզնես համաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսին մասնակցում էին սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Բացման խոսքով հանդես եկավ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» տարածաշրջանային ծրագրի տնօրեն տկն. Մարիտա Ռիդելը:

17515_b

Սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես ասաց. §Մեծարգո պարոն Նախագահ, հարգարժան ներկաներ, սիրելի սիրիահայեր արդեն 5 տարի շարունակվող սիրիական ծանրագույն թնջուկի պատճառով Հայաստան են տեղափոխվել 20 հազար մարդ, որոնցից 17 հազարը հաստատվել է Հայրենիքում:

Պարոն Նախագահ, Դուք հանձնարարեցիք բոլոր պետական կառավարման մարմիններին լինել յուրաքանչյուր սիրիահայի կողքին, ականջալուր լինել նրանց ամենատարբեր խնդիրներին, արագ արձագանքել, լուծումներ գտնել և ինտեգրել հայաստանյան հասարակությանը:

17511_b
Այսօր առանց երկմտելու կարող ենք արձանագրել, որ կրթական, սոցիալական, մշակութային բնագավառներում ինտեգրման գործընթացը մոտենում է իր ավարտին:
2500 պատանիներ և աղջիկներ իրենց կրթությունն են ստանում դպրոցներում և համալսարաններում, պետությունը, Գյուլբենկյան հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ֆինանսավորում են նրանց կրթությունը:
Պետական պատվերի շրջանակներում 3000-ից ավելի մարդ ստացել է բժշկական օգնություն և սպասարկում:

Ինտեգրման կարևոր ցուցանիշ է այն փաստը, որ շուրջ 13 հազար սիրիահայի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 1800-ն էլ ստացել են կացության կարգավիճակ:

17515_b (1)
Սիրիահայերի հիմնախնդիրների թեթևացմանն իրենց օգնությունը բերեցին ոչ միայն տեղական և միջազգային կազմակերպությունները, այլև իրենց ուժերով ստեղծված հասարակական կազմակերպությունները, որոնց հետ իրականացվել է մոտ 100 բարեգործական ծրագիր:

Ինտեգրումը հայաստանյան հանրությանը լիարժեք է դառնում, երբ ինտեգրվում են տնտեսապես և ունենում սեփական օջախ:

Ամեն ամիս միջգերատեսչական հանձնաժողովում ի մի են բերվում ձեռքբերումները, վեր հանվում հիմնախնդիրները և որոշվում յուրաքանչյուրիս անելիքները:
Կառավարության տասնյակ որոշումներով, օրենքների փոփոխություններով պարզեցվել և հեշտացվել են այն իրավահարաբերությունները, որոնք վերաբերում են մեր հայրենակիցների կեցության, սոցիալական և աշխատանքային խնդիրներին:
Պետական քաղաքականության մաս է կազմում նրանց աշխատանքի տեղավորման, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, զբաղվածության խթանման, հնարավորությունների և կարողությունների դրսևորմանը աջակցելը:
Այսօր հազարավոր սիրիահայեր աշխատում են կրթության, գիտության, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, սպասարկման ոլորտներում: Եթե սկզբնական շրջանում մեր գործատուները դժվարությամբ, թերահավատորեն էին նրանց ընդունում աշխատանքի, ապա 1-2 ամիս անց ամենափնտրված աշխատողը դառնում էր սիրիահայը:

Սակայն նրանց մեջ կան շատ մարդիկ, որ ցանկանում էին գործ դնել, բիզնես սկսել: Այդ պատճառով էր, որ Էկոնոմիկայի նախարարության հետ մենք սկսեցինք՝ օրենսդրությունը սովորեցնել՝ բիզնես սկսելու, շուկան ուսումնասիրել և առաջարկներ տալ, օգնել բիզնես ծրագրեր կազմել, ֆինանսական աջակցություն հատկացնել հիպոտեքի, դրամաշնորհների ձևով:

Այսօր սիրիահայերի հիմնադրած 100-ավոր ձեռնարկություններ են գործում Հայաստանում. դրանք ավտոսպասարկման, սննդի, ռեստորանային, սրճարանային բիզնեսներ են, նրանք արծաթագործության, ոսկերչության մեջ մեծ հաջողություններ ունեն: Ունենք բազմաթիվ հաջող օրինակներ: Նրանք աշխատանքի նկատմամբ ունեն պատասխանատվություն և նվիրված վերաբերմունք, բերել են նոր մշակույթ, նոր վերաբերմունք: Բոլորս արդեն գիտենք, եթե սիրիական ապրանք է, ուրեմն որակյալ է:

Նրանք բոլորն օժտված մարդիկ են, ունեն անսպառ շնորհք, ներկայացնում են ձեռքի աշխատանքներ, ձեռագործներ, ասեղնագործություններ, գորգեր, արծաթյա և ոսկյա զարդեր, անուշահամ քաղցրավենիք, որոնք սիրելի են ոչ միայն հայաստանցիների, այլև օտարների համար:

Շնորհակալ ենք ձեզ, որ, կորցնելով ամեն ինչ, սակայն գտնելով ձեր Հայրենիքը, շարունակում եք ստեղծագործել, պահպանել լավագույն ավանդույթները, շարունակում եք հարստացնել հայկական կյանքը և նույնիսկ ձեր փոքր խնայողություններից մաս հանում մեր հերոսական Արցախին և անպարտ բանակին:

Սիրիահայերի հիմնախնդիրների աջակցության հարցում իրենց լուման են ներդնում ոչ միայն Հայաստանի, այլ Սփյուռքի կազմակերպությունները, օգնության ձեռք են մեկնում միջազգային կառույցներն ու օտարերկրյա պետությունները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր կառույցներին, կազմակերպություններին, որ առաջին օրից մեզ հետ են, նյութական, բարոյական լուրջ աջակցություն են ցուցաբերում սրիահայերին: Եվ համոզված եմ, որ այս շաբաթը ևս կօգնի 10-յակ սիրիահայերի սկսելու իրենց գործը: Ուզում եմ շնորհակալ լինել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝(GIZ) այս օրերը կազմակերպելու համար և վստահ եմ, որ հատկապես ցուցադրությունները Ձեզ շատ դուր կգան¦:

Հանրապետության Նախագահը ծանոթացավ տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքների արդյունքներին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացրին նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը: Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգևորիչ համարեց և բարձր գնահատեց ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկեց իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ցուցահանդեսը կշարունակվի մայիսի 19-22-ը ներառյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031