Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղսագրվող ենթադրյալ լիազորությունների չարաշահման գործով դատական նիստը։
Նիստի սկզբում պաշտպաններից Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողի ներկայացուցիչն արդեն որերորդ դատական նիստին չի ներկայանում։ Մակինյանը նկատեց, որ տուժողի ներկայացուցիչը պարտավոր է ներկայանալ նիստին, իսկ չներկայանալու դեպքում պետք է գրավոր պարզաբանումներ ներկայացնի։ Պաշտպանը նշեց, որ միջնորդություն ունի, որը ցանկանում է ներկայացնել տուժողի ներկայացուցչի ներկայությամբ։ Նա ասաց, որ չի բացառում՝ վաղը կամ մյուս օրը կարող են դժգոհել, որ իրենց իրավունքներին առնչվող հարց է քննվել դատարանում։
Այսօր այս գործով հարցաքննվեց ՊՆ նախկին աշխատակից Արմենակ Հովհաննիսյանը։ Վերջինս 1993 թվականից մինչ օրս աշխատում է ՊՆ համակարգում՝ Գյումրու բնակշահագործման մասում։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի և ինչ ընթացակարգով է տեղի ունեցել ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի օտարումը, վկան պատասխանեց, որ չգիտի։
«2004-2005 թվականներին Սև բերդի հետ կապված որևէ գործընթացի մասնակցե՞լ է» հարցին պատասխանեց, որ ինչ-որ բանի մասնակցել է, բայց չի հիշում՝ ինչի։
Ամրամ Մակինյանի հարցին՝ անձամբ ծանոթ եղե՞լ է Սերժ Սարգսյանին, պատասխանեց՝ ոչ։
«Սև բերդի գործարքի հետ կապված Սերժ Սարգսյանից անձամբ կամ միջնորդավորված հանձնարարություն ստացե՞լ է» հարցին ևս պատասխանեց՝ ոչ։
Վկան գրեթե ոչինչ չէր հիշում, և նրա հարցաքննությունն արագ ավարտվեց։
Հաջորդ վկան ՊՆ մեկ այլ աշխատակից էր՝ Արմեն Սարգսյանը։ ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի օտարման գործընթացի վերաբերյալ այս վկան պատասխանեց, որ ՊՆ-ն ո՛չ սեփականաշնորհման հանձնաժողով է ունեցել, ո՛չ էլ պետական գույքի վաճառքի հանձնաժողով։ Եթե ինչ-որ բան անհրաժեշտ է եղել օտարել, ապա դա արվել է կառավարության համապատասխան որոշումներով։
Հանրային դատախազը ներկայացրեց Գյումրու նախկին քաղաքապետի՝ 2004 թվականին վկային հասցեագրված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ քաղաքապետարանը առարկություն չուներ, որ նախարարությունը Սև բերդը տրամադրի ԱՁ Հայրապետյանին՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու և պատմամշակութային կառույցի վերածելու համար։ Վկան պատասխանեց, որ հնարավոր է՝ իրեն հասցեագրել են, բայց մանրամասներ չի հիշում։
Վկան պատմեց, որ Սև բերդն ակնհայտորեն քայքայվում էր։
«Նույնիսկ մարդիկ ասում էին՝ այդտեղ անասուն են տանում, պահում։ Որքան հիշում եմ, սարսափելի վատ վիճակում էր։ Եթե նույնիսկ այդ ժամանակ չօտարվեր, կքանդվեր, կգնար»,- ասաց նա։
Այսօր հարցաքննված վերջին վկան՝ Արշակ Շլեպչյանը, ասաց, որ գույք օտարելու լիազորություն չի ունեցել, քանի որ ի պաշտոնե զբաղվել է զինծառայողների բնակարանների հետ կապված հարցերով։
Նա նշեց, որ չի կարող նկարագրել օտարման գործընթացից որևէ բան։ Վկան Սև բերդ ամրոցի առքուվաճառքի փաստաթղթային գործընթացից նույնպես ոչինչ չհիշեց՝ նշելով, որ բավական ժամանակ է անցել, որևէ բան չի հիշում, և ոչինչ տպավորության մեջ չի մնացել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































