Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի նախաձեռնությանը՝ սերմնաբջիջների պահպանության վերաբերյալ

Մայիս 26,2016 17:15

Գործադիրի հավանությանն է արժանացել ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև, ինչպես նաև ներդնել համապատասխան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պատիժը կատարող մարմնի կողմից պարզել տուգանքը չվճարելու անհնարինության դեպքերը տուգանքը չվճարելու չարամտորեն խուսափելու դեպքերից՝ հաշվի առնելով այն, որ չարամտությունը՝ որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը: Պատժի խստացումը նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն՝ երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը:

Գործադիրը հավանություն է տվել ««Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ: Օրինագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև հանել ավագ, գլխավոր և բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը:

Հավանությանն է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկարգավորվեն համայնքներին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին՝ առանց միջանկյալ գրանցումների: Օրինագծի ընդունմամբ կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ իրականացված բարելավումները` առանց վարչարարության ձգձգումների պետությանը կամ համայնքներին` միասնական շահագործումն ապահովելու նպատակով, փոխանցելու հնարավորություն, միաժամանակ ապահովելով պետական կամ համայնքային միջոցների խնայողություն: Օրինագիծը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում: Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ: Մասնավորապես, նշված է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: Բացի այդ, ըստ եզրակացության, ներկայացված նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031