Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզվառելիքի ակցիզային հարկը կտրուկ իջեցնում են, բենզինի, օղու, ծխախոտի հարկը՝ բարձրացնում. Հարկային նոր օրենսգիրքը

Հունիս 09,2016 18:40

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Նա ասաց, որ ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի հարկի դեպքում աննախադեպ միջոցառում են առաջարկում. «Օրենսգրքի ընդունումից հետո ԱԱՀ-ի գումարները հետ վերադարձման հնարավորություն կունենան ոչ միայն արտահանողները, այլեւ ՀՀ ներսում գործունեություն իրականացնող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք հանրապետության ներսում կատարել են ներդրումներ եւ չեն հասցրել դեռեւս այդ ներդրումների համար իրենց մատակարարներին վճարած ԱԱՀ գումարները հետ ստանալ: Սա համարձակ քայլ է»:

Երրորդ երկրներից ներմուծման եւ ապրանքների վերամշակման գործունեության համար նախատեսվում է, որ որոշակի չափանիշների բավարարող տնտեսվարողները կարող են ՀՀ ներմուծել վերամշակման նպատակով ապրանքներ եւ դրանք արտահանել տարբեր երկրներ ու նրանցից չի գանձվի ԱԱՀ:

Հաշվանցումների առումով մի շարք ազատականացումներ է նախատեսում ԱԱՀ-ն: Տեխնոլոգիական սարքավորումների մասով  առաջարկվում է, որ այն սարքավորումները, որոնք ներմուծելիս ենթակա են հարկման, դրանց համար վճարումը կատարվի ոչ թե ներմուծման պահին, այլ ժամկետի երկարաձգում արվի մինչեւ հաջորդ ամսվա 20-ը, այսինքն, այնպես, ինչպես ԵՏՄ-ից ապրանք ներմուծելու դեպքում է լինում:

Անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է եկամտահարկի դրույքաչափը՝ 24.4 եւ 26 տոկոս դրույքաչափի փոխարեն սահմանվում է միասնական՝ 20 տոկոս դրույքաչափ: Անհատ ձեռնարկատերերը շահութահարկի դաշտում են ներառվում, ոչ թե եկամտահարկի: Հավասարեցվում է անհատ ձեռնարկատերերի հարկերի դրույքաչափը շահութահարկի տեսքով:

Միրումյանն ասաց, որ նախատեսում են ճանապարհային վճարներից ազատել այն օտարերկրացիներին, որոնք իրենց տրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք կգործեն, խոսքը 10 հազար դրամ վճարի մասին է: Կառավարությունը գտնում է, որ այդպես էապես կխրախուսվի զբոսաշրջությունը:

Հարկային օրենսգիրքը նախատեսում է նաեւ օղու եւ ծխախոտի ակցիզային հարկերը ներդաշնակեցնել եւ յուրաքանչյուր տարի այն 15 տոկոսով բարձրացնել ու հավասարեցնել ԵՏՄ-ում գործող դրույքաչափերին: Ծխախոտի եւ օղու արտադրանքի դրույքաչափերի բարձրացմամբ դեռեւս մինչեւ 2020-ը չեն հասցնի այն հավասարեցնել:

Բենզինի 1 տոննայի համար առաջարկվում է 120 հազար դրամի փոխարեն ունենալ 135 հազար դրամ ակցիզային հարկ 2018-ից: Բնապահպանման եւ բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասով նախատեսվում է 10 տոկոս բարձրացում՝ ըստ տարիների: Միրումյանն ասաց, որ  տարիներ շարունակ այս դրույքաչափերը չեն փոխվել, հիմա որոշել են վերանայել:

Վախթանգ Միրումյանը նշեց, որ հիմնականում պահպանվելու են հարկային արտոնությունները, էական կրճատում չեն անելու: Կրճատելու են, օրինակ, դիզվառելիքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը, իսկ գների բարձրացումը կանխելու համար ակցիզային հարկն են նվազեցնում՝ 1 տոննայի համար գործող 35 հազար դրամից դառնալու է 13 հազար դրամ:

Եկամտահարկի մասով Վախթանգ Միրումյանն ասաց, որ կառավարությունը հարկման ուղղահայաց արդարությունը պահպանելու սկզբունք է կիրառելու՝բարձր եկամուտ ունեցողները պետք է վճարեն ավելի շատ, ցածր եկամուտ ունեցողները՝ ավելի քիչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մհեր says:

    1լ բենզինի համար 120 դրամ միայն ակցիզային հարկ, այսինքն բենզինի գնի մեջ մոտ 200 դրամ միայն հարկերն են կազմում : Մենք էլ բողոքում ենք որ Հայաստանում բենզինը 250 դրամ չէ:

  2. Տիգրան says:

    Անուղղակի հարկերը որպես կատերգորիա պետք է ընդհանրապես վերանան Հայաստանում: Բայց այդպես մտածելը որպես ավելի ծանր «մեղք» է ընկալվում թե՛ ՊԵԿ-ի, թե՛ նաեւ հե՛նց կեղեքվող հարկատուների կողմից, քան ինկվիզիցիայի ժամանակներում մտածելն այն մասին, որ Երկիրը պտտվում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930