Լրահոս
Օրվա լրահոսը

Յոգան մաքրություն է պահանջում. մեր գործիչները դրա ժամանակ ու հնարավորություն չունեն

Հունիս 20,2016 18:22

Հունիսի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է յոգայի միջազգային օրը: Այդ առիթով այսօր «Պեստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը եւ փոխնախագահ Հրանտ Դանդուրովը հանդիպեցին լրատվամիջոցների հետ:

Հակոբ Բաղդասարյաննն ասաց, որ երբ Հայաստանում ձեւավորվում էր ֆեդերացիան, յոգայով զբաղվողները խիստ սակավաթիվ էին: «Բայց հետո մարդիկ հասկացան յոգայի էությունը թե մարդու հոգեւոր, թե ֆիզիկական կատարելագործման հարցում: Հիմա հանրապետության ամբողջ տարածքում յոգայով զբաղվողների թիվն անցնում է երեք հազարի սահմանը», – ասաց ֆեդերացիայի նախագահը: Նա նաեւ բացատրեց, թե ինչու է հատկապես հունիսի 21-ը ընտրվել որպես յոգայի միջազգային օր: «2014 թվականին Հնդկաստանի վարչապետի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը հունիսի 21-ն ընտրեց որպես միջազգային օր: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ օրն ամենաերկար ցերեկն է հյուսիսային բեւեռում եւ ամենակարճը՝ հարավայինում: Դա իր մեջ խորհուրդ է պարունակում», – ասաց նա:

Փոխնախագահ Հրանտ Դանդուրովն էլ հավելեց. «Կարեւորը ոչ այնքան քանակն է, որքան որակը: Մենք սկսած 2013 թվականից ամեն տարի այս օրերին յուրատեսակ ֆլեշ-մոբեր ենք կազմակերպել մայրաքաղաքում: Բայց քանի որ յոգան ըստ էության մարդու կապն է բնության հետ, որոշել էինք այս տարի այն կազմակերպել Երեւանից դուրս: Ընտրել էինք Դիլիջանը: Բավականին լավ անցավ: Հետաքրքրված ու ներկա էին նաեւ չինովնիկներ»:

Aravot.am-ի հարցին, թե յոգան փիլիսոփայություն է, մարդու հոգեւոր ու ֆիզիկական կատարելագործման միջոց. մեր մասնագետները, համապատասխան որակավորում ունե՞ն: Եվ եթե այո, ինչպե՞ս եւ որտե՞ղ են ստանում, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Մենք արդեն կազմակերպել ենք չորրորդ ուսուցչական որակավորման դասընթացները. երեք անգամ՝ մեր, մեկ անգամ՝ Հնդկաստանից հրավիրված մասնագետի մասնակցությամբ: Կազմել ենք 200 ժամ տեւողությամբ համակարգված մարզումների  ծրագիր՝ վարժություններ, մեթոդոլոգիա, ուժական ազդեցություններ, հակացուցումներ, շնչառական վարժանքներ, իմիտացիաների ճիշտ կատարում եւ այլն: Ծրագիրը ճանաչել եւ ընդունել է միջազգային ֆեդերացիան եւ մեր ֆեդերացիային համապատասխան հավաստագիր շնորհել: Դրանով մենք եւ մեր մասնագետները իրավունք ունեն աշխարհի շուրջ 180 երկրներում մարզչական գործունեություն ծվալել»:

Aravot.am-ի երկրորդ հարցին, թե Հայաստանում յոգայով զբաղվող բարձրաստիճան կամ միջին պաշտոնյաներ կա՞ն, բանախոսները պատասխանեցին. «Գուցե՝ կան: Մենք նման բաների ուշադրություն չենք դարձնում: Բոլորը մեզ համար հավասար են ու պաշտոնը կամ դիրքը նշանակություն չունի: Չենք բացառում: Գուցե՝ կան: Բայց, հավանաբար, քիչ կլինեն, որովհետեւ յոգան մաքրություն ու հաճախ քաղաքակրթությունից մեկուսացում է պահանջում: Իսկ պետական պաշտոնյաները կամ պատգամավորները ի պաշտոնե ժամանակ ու հնարավորությունը չունեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930