Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ երիտասարդին աշխատանքի եմ նշանակել, մեզ գովացել է, ինքը սուտ ա ասում». Հրանտ Բագրատյանը՝ ՀՀԿ պատգամավորին

Հունիս 23,2016 16:55

Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում, երբ քննարկվում էր Գյումրիի քաղաքային ճանապարհների համար վարկը հաստատելու հարցը, այսպիսի մեղադրանք առաջ քաշեց նախկին իշխանություններին: Նա ասաց. «Որոշ մարդիկ այստեղ փորձում են դրոշ թափահարել, բայց աշխատատեղերի խնդիրները հենց իրենց ժամանակվանից է եկել, երբ գործարանները սեփականաշնորհեցին, առաջին անգամ Համաշխարհային բանկից միլիոններով վարկը վերցրեցին եւ որեւէ պատասխանատվություն չդրեցին սեփականատիրոջ առաջ: Էսօր ո՞ւր են էդ գործարանները, ո՞ւր է ձեր ասած Անալիտիկ սարքերի գործարանի՝ ՀԲ-ի վարկով կառուցված մոդուլը, չկա այդ մոդուլը: Ո՞ւր է Տեքստիլ կոմբինատի համար վերցրած վարկը, մոդուլը չկա, հաստոցները չկան: Երկրաշարժից հետո ստացանք ժամանակակից հաստոցներ, ո՞ւր են: Առանձին 4 վարկը, որ վերցրեցինք Գյումրիի համար, ոչ մի գործարան այդ վարկերից չի աշխատում»:

Դահլիճից պատգամավորներից մեկը հորդորեց ճշգրտում անել՝ ո՞ր թվականին է դա եղել: Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց՝ 1995 թվականին:

Այդ ժամանակ, հայտնի է, որ վարչապետ է եղել Հրանտ Բագրատյանը, որը պաշտոնավարել է 1993-96-ին:

Ուստի «Առավոտը» պարոն Բագրատյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ վարկեր է վերցրել ու չեն հետեւել: Նա պատասխանեց. «Մենք վերցրել ենք Գյումրիի համար «Աղետի գոտու վարկ» 94-ի փետրվարին՝ 28 մլն դոլար, որը եղել է երբեւիցե ծախսվող ամենաարդյունավետ վարկը: Գյումրիում այդ վարկով 4 գործարան է կառուցվել, հետագայում այդ գործարանները թալանվել են: Ի դեպ, ասեմ, որ էդ ժամանակ, հիմա արդեն ցավում եմ դրա համար, որ Սուքիաս Ավետիսյանին ես գործի եմ նշանակել: Ինքը էդ ժամանակ է հայտնվել քաղաքական ասպարեզում: Իսկ մեր վերցրած վարկը Համաշխարհային բանկը գնահատել է երբեւիցե ամենաարդյունավետ օգտագործված վարկերից»:

Հրանտ Բագրատյանն ասաց. «Սուքիաս Ավետիսյանը եղել է մեր աշխատակիցը, ես այդ տղային՝ այդ երիտասարդին աշխատանքի եմ նշանակել, միշտ եկել է մեզ մոտ, մեզ գովացել է, ես չեմ հիշում մի հատ բողոք: Ինքը սուտ ա ասում, ինքը խնդիր ունի»:

Թե ինչ խնդիր ունի Սուքիաս Ավետիսյանը՝ նախկին իշխանություններին մեղադրելով, դեպի ում է սլաքներն ուղղում Հրանտ Բագրատյանը՝ Գյումրիի գործարաններն իսկապես թալանելու հարցում եւ ինչքան թեժ է արձագանքում Սուքիաս Ավետիսյանը Հրանտ Բագրատյանի խոսքերին՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930