Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ալբերտ Բաղդասարյանն իր կեղծիքի համար պետք է հրապարակային ներողություն խնդրի». Պետրոս Մակեյան

Օգոստոս 09,2016 20:40

«Թե ոնց հայտնվեց Ալբերտ Բաղդասարյանը հարթակում եւ սկսեց համակարգել, իր բացատրությամբ ես լիարժեք բավարարված եմ: Հասկացա, թե ոնց է հայտնվել եւ թե ոնց է անհետացել: Դրա պատասխանը ես իրենից ստացա: Բայց ինքը ցինիկ սուտ է խոսել, ես ո՞նց կարող էի «Սասնա ծռերի» մասով բացասական բան արտահայտվել, որի մասին ինքը խոսել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը բացատրելով, թե ինչու ինքը Հակաճգնաժամային խորհրդի կազմում չի ընդգրկել Պետրոս Մակեյանին՝ ասել էր,  որ այդ ցուցակի մարդիկ պետք է 3 սկզբունքի դավաճանած չլինեին. «1. Այդ անհատները ոչ միայն չէին դատապարտել «Սասնա ծռերին», այլ գտել են, որ «Սասնա ծռերը» ժամանակի պահանջն էր: Պետրոս Մակեյանը այդպիսի հայտարարություն չի արել, նա ՀԱԿ-ի համակարգում է գործում, որը դատապարտել է տղաներին: Առաջինը անհրաժեշտ էր, որ նա տղաներին չդատապարտեր, այլ հայտարարեր, որ դա անհրաժեշտ երեւույթ էր»:

Պետրոս Մակեյանի խոսքերով՝ «Ես ունեցել եմ հրապարակային ելույթներ Խորենացի փողոցից, Ազատության հրապարակից եւ մշտապես ասել եմ դա: Առավել եւս հուլիսի 17-ի հայտարարությունը կա մեր կուսակցության, որ կատարվածի պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա, որ ժողովրդին զրկել են իշխանությունը ձեւավորելու իրավունքից, արժանավայել ապրելու իրավունքից եւ մղել են ապստամբության: Ասել եմ, որ ժողովրդի 90 տոկոսը ողջունում է այն անձնազոհ քայլը, որ տղաները արել են: Այդ տղաների կեսից ավելիին անձամբ ճանաչում եմ, շփումներ ունեցել եմ: Ալբերտ Բաղդասարյանը ո՞նց է իմացել, որ այդ տղաները կարող են իմ հնարավոր հայտնվելու մասով բացասական կարծիք հայտնել: Դրա համար իմ համար ամեն ինչ պարզ է, թե քամին որտեղից է փչել, ոնց է եկել»:

Պետրոս Մակեյանն ասաց, որ «Ալբերտ Բաղդասարյանն իր կեղծիքի համար պետք է հրապարակային ներողություն խնդրի, ընդունի այդ կեղծիքը, հակառակ դեպքում ուրիշ հարթության վրա խոսակցությունը տեղափոխել սիրուն չի: 90-ականներից մենք շփվել ենք, հարաբերությունները վատ չեն եղել»:

Մեր դիտարկմանը, որ ինքը բացատրում էր, որ ՀԱԿ-ի գիծն եք ընդունել, Պետրոս Մակեյանը արձագանքեց. «Եթե ինքը դա է ասում, ՀԱԿ-ը ինձ 4 տարի մրոտում, վատաբանում է, ինքը մամուլից տեղյակ չի՞: Եթե ինքը ինձ ՀԱԿ-ի դաշտն է տանում, այդ դեպքում ես կասեմ, որ 90-ին ՀՀՇ-ի դաշտում էլ ինքն է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031