Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների նոր տարեշրջանը

Օգոստոս 22,2016 11:09

Օգոստոսի 20-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմում սկսվեց շաբաթօրյա դպրոցների 2016-17 ուսումնական տարին: Արձակուրդի ողջ ընթացքում կատարվել էին նախապատրաստական բազմաթիվ աշխատանքներ. դպրոցները համալրվել էին նոր արդիական, ուսումնական միջոցներով, դասագրքրերով և այլ պարագաներով: Թեմի տարբեր շրջաններում գործող 11 դպրոցների ուսուցիչները խանդավառությամբ ու հոգևոր ուրախությամբ լցված սկսեցին իրենց ազգանվեր ծառայությունը՝ հանուն մեր զավակների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանման ու Թորգոմյան ազգի հարատևության։

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը 2016 թ.-ի օգոստոսի 13-ին, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի նախագահությամբ ու օրհնությամբ տեղի ունեցավ շաբաթօրյա վարժարանների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացը։

Գիտակրթական հանձնախմբի պատասխանատուներից, բազմափորձ մանկավարժ, դոկտոր Էլլի Անդրեասյանի նախաձեռնությամբ, այս տարվա թեման նվիրված էր «Հայ ինքնության» խնդիրներին։

Բացման և օրհնության խոսքում, առաջնորդ սրբազան հայրն իր մտորումները շաղախեց երանաշնորհ Վազգեն Ա հայրապետի ազգային ինքնության դիպուկ բնորոշումներին, որոնք այսօր էլ շարունակում են լինել յուրօրինակ ուղերձ և լուսավոր փարոս մեր հարատևության պայքարում։

003

Թեմի Քրիստոնեական դաստիարակության պատասխանատու, աստվածաբան Մաշտոց Չոբանյանն անդրադարձավ ազգային ինքնության հարցերին՝ այն համադրելով կրոնական, աստվածաբանական ու բարոյական չափանիշներին։ Նյութի տրամաբանական շարունակությունն էր նշանավոր գիտնական, պրոֆեսոր Կարո Մոմջյանի դասախոսությունը՝ «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման դերը հայի ինքնությունը կերտելու գործում»։ Բանախոսն առաջնորդվելով արիստոտելյան հայտնի սկզբունքով՝ հաճելի երկախոսություն սկսեց մանկավարժների հետ։ Վերջիներիս առաջնորդեց պատմական անցյալի և ներկայի ազգային ինքնության ու լինելիության հանգրվաններով՝ միաժամանակ կարևորելով համաշխարհային փորձը և արդի մոտեցումները։

Աշխատանիստի վերջին բանախոսն էր դոկտոր էլլի Անդրեսյանը, որն էլ ամփոփեց օրվա նյութը՝ զուգահեռելով գործնական, խմբակային աշխատանքներով, հարց ու պատասխաններով։

Վերջում թեմի տարբեր շրջաններից ժամանած հիսունից ավելի մանկավարժներին իր բարեմաղթանքները փոխանցեց և համաժողովն աղոթքով փակեց առաջնորդական ընդհանուր փոխանորդ և շաբաթօրյա վարժարաններ հոգաբարձության ատենապետ, հոգեշնորհ Տ. Բագրատ ծ. վրդ. Բերջեկյանը։ Հայր սուրբը ներկաներին փոխանցեց նաև Հովնան սրբազանի հեղինակած վերջին հրատարակությունները։

Արևմտյան թեմը՝ հավատարիմ իր քրիստոսանվեր ու ազգային առաքելությանը, շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի շաբաթօրյա դպրոցներում սովորող շուրջ 1000 աշակերտների մատաղ հոգիները թրծվեն մաշտոցյան շնչով, հայրենիքի ու Մայր եկեղեցու հետ հարատև հաղորդակցությամբ ու սիրով:

Բարի՛ երթ 2016-17 ուսումնական տարեշրջան:

 

Հովհաննես սարկավագ Գումրույան

 «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031