Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Եթե չեք մասնակցում, ուրեմն՝ ազդեցիկ լինելու վերաբերյալ ձեր հայտարարությունները բլեֆ են». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 26,2016 11:47

Սեպտեմբերին եւ հոկտեմբերին երկրի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում ու Վանաձորում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անդրադառնում է ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

-Այս անգամ Վանաձորում եւ հատկապես Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների առաջադրման մի իսկական «բում» է սկսվել. նոր սահմանադրությունը թելադրում է խաղի իր կանոննե՞րը։

-Նախ փորձենք հասկանալ՝ ինչով են այս ընտրությունները տարբերվում նախորդներից։ 2009թ. մենք առաջին անգամ ՏԻՄ ձեւավորման նոր մոդել ստեղծեցինք Երեւանում՝ ըստ էության փորձեցինք նոր շունչ, նոր բովանդակություն հաղորդել տեղական իշխանության գլխավոր մարմնին՝ ավագանուն։

Այսինքն՝ ավագանին դարձավ հիմնական դերակատար որոշումների կայացման հարցում, եւ ավագանու անդամների գործունեությունը մոտիվացված է ոչ միայն եւ ոչ այնքան ընտրողների, որքան սեփական կուսակցության առջեւ պատասխանատվությամբ։ Այս մոտեցումն իրեն արդարացրեց. Երեւանի պարագայում ունենք գործուն, կենսունակ ավագանի՝ քաղաքականապես մոտիվացված ընդդիմությամբ։

Պատահական չէ, որ Երեւանի քաղաքապետը, անընդհատ զգալով ընդդիմության շնչառությունն իր թիկունքում, իրեն զգում է պատասխանատու նախ՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, ապա՝ նաեւ որպես քաղաքապետ։

Հիմա մենք այս մոդելը տեղափոխում ենք Գյումրի ու Վանաձոր։ Դրանով իսկ հնարավորություն ենք ստեղծում՝ մեծ քաղաքական օրակարգ ներգրավելու տեղական նշանակության խնդիրները եւ այդ օրակարգի ձեւավորմանը մասնակից դարձնելու տարբեր քաղաքական ուժերի։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը կարող են մասնակցել ավագանու ձեւավորմանը, հաջողության հասնելու դեպքում ստանալ մեծամասնություն քաղաքային խորհրդարանում, «նշանակել» սեփական քաղաքապետին, ստանձնել համայնքի առաջիկա 4 կամ 5 տարիների զարգացման ողջ պատասխանատվությունը, հաջողելու դեպքում՝ հաջողություն արձանագրել հաջորդ համապետական ընտրություններում։

Այն կուսակցությունը, որը որեւէ կերպ չի մասնակցում համայնքային խնդիրների լուծմանը՝ ընդհանրապես անտարբեր է այդ հարցերի նկատմամբ, չի՛ կարող հավակնել լուրջ հաջողությունների համապետական ընտրություններում։ Սա է հիմնական քաղաքական, գաղափարաբանական թեզը, որ մենք պատրաստվում ենք կյանքի կոչել ՏԻՄ ընտրություններում։

-Ասել է թե՝ ընդդիմությունն ընդունե՞լ է այդ մարտահրավերը։

-Դա մարտահրավեր չէ. հնարավորություն է, փորձադաշտ է կուսակցությունների համար։ Ընդդիմադիր կուսակցություններ ունենք, որ ասում են՝ մենք ամենաազդեցիկն ենք, ամենաուժեղը…

Ազդեցիկ քաղաքական ուժը չի կարող զերծ մնալ այս պրոցեսներից. եթե չեք մասնակցում, ուրեմն՝ ազդեցիկ լինելու վերաբերյալ ձեր հայտարարությունները բլեֆ են՝ սին, դատարկ հայտարարություններ են։ Թող գան, մասնակցեն, ստանան մանդատների որոշակի քանակ ավագանում, հետագայում իրենց գործունեությամբ համայնքի բնակչության մեջ ձեւավորեն ավելի բարձր վստահություն իրենց նկատմամբ եւ հաջորդ համապետական ընտրություններում ավելի մեծ հաջողություն արձանագրեն։

Այն քաղաքական ուժը, որը խաղի նոր պայմաններում կհաջողի, կարող է համարվել կայացած կամ կայացման փուլում գտնվող քաղաքական ուժ, չի հաջողի՝ ուրեմն կայացած չէ։

 

Լիլիթ Պողոսյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031