Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը չի ժխտում, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը արագացրեց կառավարության հրաժարականի գործընթացը

Սեպտեմբեր 12,2016 18:30

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը չի բացառում, որ ՀՀ կառավարության հրաժարականի վրա իր ազդեցությունը թողեց նաև «Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը:

Նշենք, որ ի պատասխան «Սասնա ծռերի» հասցեին հնչող քննադատությունների՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Մեր պայքարի արդյունքում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ, որը բերեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ Կարեն Կարապետյանի առաջադրվելուն։ Փաստերն արձանագրելով գնանք․ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմի սրացումը, որի ժամանակ ավելի քան 100 զինվոր զոհվեց։ Դա տեղի ունեցավ նաեւ ռուսական նորագույն զենքի կիրառման պարագայում, գաղտնիք չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ Երկրորդը, մեր եղբայրներ «Սասնա ծռերի» գործողության արդյունքում եղավ մի գործողություն, ապստամբությունը նկատի ունեմ, որն ունեցավ իր աջակցությունը հասարակության կողմից, եւ ըստ էության այն քաղաքական պահանջները, որ տարիներ շարունակ մենք ձեւակերպել էինք, «Սասնա ծռերի» վերաձեւակերպմամբ հասարակությունը ամբողջովին ընդունեց։ Սա բերեց նրան, որ կառավարությունը հրաժարական տվեց»:

Կառավարության հրաժարականի պատճառները հասկանալու համար Սամվել Նիկոյանը հորդորեց կարդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթը ու նշեց. «Այնտեղ, ըստ էության, ծրագրվում էին այն գործընթացները, որոնք տեղի էին ունենալու մեր երկրում: Այնտեղ պահանջ էր դրված իշխանության և իշխանավորների առաջ և այդ պահանջը  չկատարելու դեպքում խոսվում էր անհրաժեշտ փոփոխությունների մասին»:

Պարոն Նիկոյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո իրականացվել էին այն խնդիրները, որոնք առաջադրվել էին գարնանը. «Ասել, որ «Սասնա ծռերի» գործողությունները որևէ հետք չեն թողել հասարակական-քաղաքական խնդիրների, կյանքի կամ իշխանության գործողությունների վրա, այդպես չէ»:

Մեր այն հարցին, այնուամենայնիվ, «Սասնա ծռերին» հաջողվե՞ց ձևավորել հասարակության քաղաքական պահանջները ու ներկայացնել դրանք, պարոն Նիկոյանը պատասխանեց. «Բնութագրել նրանց գործողությունները՝ արդյոք ծրագրավորվա՞ծ էին, թե՝ ոչ կամ ինչ խնդիր էին ցանկանում լուծել, այժմ նպատակահարմար չէ: Գործը դատարանում է»:

Սամվել Նիկոյանը շեշտեց, որ այս գործընթացները  գարնանից էին ծրագրված: Նա բացեց փակագծեր. «Իշխանության առաջ խնդիր էր դրված կատարել քայլեր, որոնք ուղղված կլինեին երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ու երկրի տնտեսական խնդիրների զարգացմանը:

Ամբողջ այդ ժամանակահատվածում ամբողջ քննադատությունը, հայհոյանքն ու սպառնալիքներն ուղղված էին դեպի ՀՀ նախագահը: Նա գիտակցաբար է այդ ամենը վերցրել իր վրա, որ ամբողջ իշխանությանը տա լիարժեք գործելու հնարավորություն ու ազատություն, որ կարողանան այն խնդիրները, որոնք դրված են իրենց առաջ, իրականացնել»:

Ըստ Սամվել Նիկոյանի՝ քանի որ հասարակական- քաղաքական գործընթացները դինամիկ զարգանում են, հասարակական ընկալումները, պահանջներն ու մոտեցումները նոր մակարդակի վրա են, նաև այստեղ իրենց դերակատարությունն ունեն Սասնա  ծռերը, ավելի ճիշտ, հասարակական արձագանքը Սասնա ծռերի նկատմամբ: Երբ մտավորականների մի որոշակի մաս արդեն պաշտպանում էր նրանց տեսակետները, դա նշանակում էր, որ իշխանությունը պետք է գնա բարեփոխումների ճանապարհով»:

Մեր այն դիտարկմանը, այդ բարեփոխումների շարքին կարելի՞ է դասել ՀՀ կառավարության հրաժարականը, պարոն Նիկոյանը չժխտեց. «Կառավարության հրաժարականը նպատակաուղղված է այն խնդիրների լուծմանը, որ հանրությունը շատ ավելի  բարձր պահանջ է ներկայացրել: Այժմ իրադրությունն ու հանրային պահանջն այլ է, բնականաբար իշխանության արձագանքը պետք է լինի համարժեք»:

Մեր հստակեցմանը՝ Սասնա ծռերի գործողությունները արագացրի՞ն այդ գործընթացը, պարոն Նիկոյանը չժխտեց այդ ազդեցությունը. «Կարող ենք ասել արագացրին, կարող ենք ասել  որոշակի ճշգրտումներ մտցրին, որոշակի մոտեցումներ հստակեցրին, բայց այս իրավիճակում հաշվի է առնված և′ ապրիլյան պատերազմը, և′ հուլիսյան իրադարձությունները, և′ հասարակության մեջ տիրող մոտեցումներն ու ընկալումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930