Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաբժշկական փորձաքննությունը կասկածի տակ է առել կալանավայրում մահացած Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը

Սեպտեմբեր 14,2016 17:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննիչ Գ. Մկրտչյանի՝ 2016 թ. հունիսի 30-ի որոշմամբ կասեցվել է: Քննիչը որոշումը հիմնավորել է նրանով, որ գործի նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, սակայն չի պարզվել այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Հետաքրքրական է, որ քննիչն այսպիսի որոշում է կայացրել այն դեպքում, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ էլ չի հաստատվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը:

Եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Մ. Սարգսյանը կարող էր ինքնասպանություն գործել ինչպես իր իսկ կողմից կախվելու միջոցով, այնպես էլ, չի բացառվում, մեկ այլ անձի կողմից»: Քննչական մարմինը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել ինքնասպանության վարկածը հաստատելու կամ ժխտելու ուղղությամբ, այլև բավարար է համարել իրականացված քննչական և դատավարական գործողությունները՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան «պատճառաբանված» որոշում կայացնելու համար: Քրեական գործը կասեցնելու քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է՝ կասեցման որոշում կայացնելու բավարար և անհրաժեշտ հիմքերի բացակայության հիմքով: Ելնելով քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման բովանդակությունից՝ Տ. Սիրադեղյանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բավարար չեն՝ հանգելու հետևության, որ Մ. Սարգսյանը կյանքից զրկվել է ինքնասպանություն գործելու հետևանքով:

Բողոքով ներկայացվել են նաև այն քննչական և դատավարական այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել՝ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերման նպատակով: Այդ թվում՝ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Մ. Սարգսյանն իր անձնային որակներով և առանձնահատկություններով առհասարակ կարող էր ինքնասպանություն գործել, արդյոք տվյալ իրավիճակում նա կարող էր ինքնասպանություն գործել, թե ոչ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930