Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային գործընթացի նոր տեղեկատվությունը. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 15,2016 12:17

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքի՝ օրերս «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցը տրամագծորեն հակադիր գնահատականների արժանանալով Ադրբեջանում ու Հայաստանում՝ եկավ հաստատելու այն իրողությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված պատային կացությունը մոտակա ամիսներին չի հաղթահարվելու ո՛չ խաղաղ, ո՛չ էլ ռազմական միջոցներով։
Սա վկայում է, որ հակամարտ կողմերը վերստին քաշվել են իրենց «ելման դիրքերը» եւ մտածում են միայն դրանց պաշտպանության հետեւողական քայլերի մասին։ Ադրբեջանը փոխզիջումից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում է տարածքային ամբողջականության ծեծված «փաստարկով», իսկ Հայաստանը՝ մի քանի ամիս շրջանառված միակողմանի զիջումները բացառելու դրույթը փոխարինում է «ոչ մի թիզ հող»-ով։

Մինչդեռ ամերիկացի համանախագահը առանձնակի բացահայտումներ չէր արել բանակցային գործընթացում տիրող կացության եւ զարգացման հեռանկարների շուրջ։ Նա պարզապես կրկնել էր տարիներ շարունակ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքների հայտնի դրույթները՝ դրանք ամփոփելով հետեւյալ ձեւակերպման մեջ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց»։

Սույն դիվանագիտական պասաժը կարելի է մեկնաբանել ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ քաղաքականության համատեքստում՝ այն դիտարկելով որպես հակամարտությունը երկու տերությունների ջանքերով լուծելու առաջարկ։ Կարելի է, եթե ակնհայտ չլինի նաեւ այն իրողությունը, որ ներկայումս ո՛չ Միացյալ Նահանգները ժամանակ ունի զբաղվելու Ղարաբաղով, ո՛չ էլ Ռուսաստանը՝ առանձնակի ցանկություն։
Առաջինը կանգնած է իր նորագույն պատմության մեջ ամենաբարդ ու անկանխատեսելի նախագահական ընտրությունների նախօրեին, ուստի ներկա հանգրվանում կցանկանա հավասարապես կրել պատասխանատվությունը Մոսկվայի հետ, եթե վերջինս հակամարտության կարգավորումը չօգտագործի հետխորհրդային տարածքում իր դիրքերի միակողմանի ամրապնդման համար։]

Մոսկվան իր հերթին լավ է հասկանում, որ Ղարաբաղի հարցում իրեն վերապահվող «դրոշակակրի» դերակատարությունը լավ քողարկված ծուղակ է, որի մեջ «ոտով-գլխով» ընկնելու պարագայում այդպես էլ չի ստանա Ադրբեջանը, բայց կարող է կորցնել Հայաստանը։

Ուստի ներկայումս ռուսական դիվանագիտության եւ այլ հաստատությունների հիմնական ուշադրությունն ուղղված է վերջին կիսամյակի ընթացքում Հայաստանում կորցրած դիրքերի վերականգնման նպատակին։ Իսկ դա ենթադրում է մեր երկրի ներքին կացության վրա իր ազդեցության լծակների մեծացմանն ուղղված քայլերի մի ողջ համալիրի իրականացում։

Ճիշտ նույն քաղաքականությունը, բայց հակառակ ծայրից, սկսել է գործադրել Միացյալ Նահանգները, բայց ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Դրա վկայությունն է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցի վերաբացումը՝ սեպտեմբերի 9-ին «Washington Post»-ում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ Դեվիդ Կրամերի ու Ռիչարդ Կոզլարիչի հրապարակման եւ դրան հետեւող խորհրդարանական քննարկումների միջոցով։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930