Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 100 տարեկան է

Սեպտեմբեր 20,2016 17:12

Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ օրհներգը հնչեց «Վարդանանց ասպետներ» դպրոցի «Հրաշք մանուկներ» երգչախմբի կատարմամբ: Այնուհետև ցուցադրվեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:

ՀՀ Նախագահի ուղերձը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը.

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներին

Սիրելի բարեկամներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ

Ողջունելի է յուրաքանչյուր համահայկական կառույցի հայաստանակենտրոն գործունեությունը, որն ուղղորդված հայրենիքի շենացմանը և հայ մարդու կյանքի որակի բարելավմանը: Ուրախալի է, որ «Վարդանանց ասպետների» այս նշանակալի հոբելյանը տոնվում է նաև մայր Հայաստանում:

Մեկ դար շարունակ ձեր կազմակերպությունը գործել է սփյուռքում՝ հայրենիքից հեռու, սակայն գործունեության առանցքում մշտապես եղել է Մայր Հայաստանը: Համոզված եմ, որ այսուհետ ևս Երևանում ունենալով ձեր գրասենյակը, ավելի համակարգված և արդյունավետ աշխատանք կիրականացնեք` ծնունդ տալով երկարաժամկետ և շարունակական նոր հայրենանվեր ծրագրերի:

Կարևորում եմ «Վարդանանց ասպետներ»-ի դպրոցաշինության ծրագրերը, ինչպես նաև՝ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ձեր հիրավի ասպետական մղումները: Նաև գնահատում ենք կազմակերպության ներդրումը Հայոց Ցեղապանության ճանաչմանն ուղղվությամբ տարվող աշխատանքներում:

Ուշագրավ զուգադիպությամբ ձեր կազմակերպության հիմնադրման 100-ամյակի երևանյան միջոցառումները համընկան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների հետ:

Կրկին շնորհավորում եմ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության սպարապետներին, կառույցի բոլոր ժամանակների անդամներին հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորում են նաև «Վարդանանց դուստրեր» կազմակերպության տիրուհիներին ու բոլոր անդամներին:

Թո՛ղ բազմապատկվեն ձեր ջանքերը և միշտ հարատև լինի «Վարդանանց ասպետներ» հայրենակենտրոն կառույցը:

hranush-hakobyan1

Հարգանքով՝ Սերժ Սարգսյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնանքի խոսքը փոխանցեց Տեր ՏաՃատ քահանա Դավիդյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ասպետներին և դուստրերին հոբելյանի առիվ, արժևորեց նրանց հայանվեր գործունեությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի բարգավաճման: Հրանուշ Հակոբյանը արժևորեց կազմակերպության եկեղեցաշինության և դպրոցաշինության, նոր սերունդ կրթելու ազգապահպան գործին ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. « 100 տարեկան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն այսօր վերադարձավ Հայաստան, որ հարյուրամյա իմաստնությամբ նոր գործեր անի: Շնորհակալություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ հոբելյանի առթիվ և հանձնել պարգևները: ՀՀ Նախագահի հրամանագրով  «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվում է Հրանտ Գուլյանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգևատրվում են Ջեք և Իվա Մեծորյանները, Ռոբերտ Բարսամը, Սթիվեն Քրաջյանը: ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարևատրվում են Բոբ Տեր-Մաթոյանը, Հայկ Տիրանյանը, Նիկողոս Սթինգիզյանը: Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրվում են Արի Միննեթյանը, Լեո Մանվելյանը, Տիգրան Սահակյանը, Հունան Արշակյանը: Սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալով պարգևատրվեց Հայր Տաճատ Դավիդյանը:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ասպետներն ու դուստրերը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով :

Ելույթ ունեցան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանը և Վարդանանց ասպետների անվան 106 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Յուրի Ջիլավյանը:

Երեկոն վարեց Սարգիս Նաջարյանը: Իրենց կատարումներով տոնակատարությանը մասնակցեցին երգիչներ Գևորգ Հաճեանը, Մրոն (Արսեն Գրիգորյան), Մկրտիչ Մկրտիչյանը: «Ծաղկազարդ» երգչախումբը ներկայացրեց «Երգերի շարան»:  Երեկոն եզրափակվեց քաջ Վարդանին նվիրված երգի միասնական կատարումով:

«Վարդանանց ասպետներ»-ը հիմնադրվել է 1916թ.՝ Հայոց ցեղասպանությունից մեկ տարի անց, 16 հայրենասերների կողմից, որոնց մեջ կային բժիշկներ, հոգևորականներ, ձեռներեցներ: Գլխավոր նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելն էր,  լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը: 10 տարվա ընթացքում կազմակերպությունն իր մասնաճյուղերը բացեց նաև Կալիֆորնիայում:

Այսօր գործում են «Վարդանանց ասպետներ»-ի 24 և «Վարդանանց դստրեր»-ի 23 միավորներ Միացյալ նահանգների և Կանադայի տարածքում:

ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930