2026 թ. հունիսի 20-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը։ Երեկոն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) համագործակցությամբ։ Նվագախմբի ղեկավարն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Համերգը վարում էր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Ծրագրում ընդգրկված էին հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչների կամերային ստեղծագործություններ։
Հատկանշական էր, որ ստեղծագործություններից շատերն առաջին անգամ էին կատարվում։ Այդ թվում՝ Արփինե Կալինինայի «Մանուշակագույն սարերի գրկում» ստեղծագործությունը՝ սոպրանոյի, տավիղի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սոֆյա Սայադյան), Մարտին Ուլիխանյանի «Հարց ու պատասխան» ստեղծագործությունը՝ ջութակի և կամերային նվագախմբի համար (մենակատար՝ Վիկտորյա Ուլիխանյան), Կարեն Անանյանի երկրորդ ստեղծագործությունը՝ «Աղոթք»-ը՝ կամերային նվագախմբի համար, որտեղ կոմպոզիտորը նաև հանդես եկավ նվագախմբի կազմում՝ որպես դաշնակահար։ Հայաստանյան պրեմիերա էր նաև պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևի «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը՝ լարային նվագախմբի համար։ Հարկ է նշել, որ այս ստեղծագործության պրեմիերան հոբելյանական էր. ընդամենը շաբաթներ առաջ պրոֆեսորը տոնել էր իր 80-ամյակը։ Երեկոյի հոբելյարներից էր նաև կոմպոզիտոր Կարեն Անանյանը, որի հիսունամյակն է նշվում այս տարի։
Հնչեցին Աշոտ Ղազարյանի «Երաժշտություն N 3» ստեղծագործությունը՝ նվիրված Լևոն Չաուշյանի հիշատակին, և Կարեն Անանյանի «Երկու պատկեր» ստեղծագործությունը։
Նշանակալի է, որ կոմպոզիտորներից յուրաքանչյուրը տարբերվում էր իր աշխարհայացքով, խառնվածքով, լեզվաոճական երաժշտական մտածողությամբ, ստեղծագործական մոտեցմամբ ու երևակայությամբ։
Հանդիսականին ներկայացվեցին բազմաբնույթ ստեղծագործություններ՝ քնարական, լուսավոր, թախծոտ, զգացմունքային, աշխույժ, խոհական և այլն։
Վահան Տերյանի բանաստեղծական լեզվին բնորոշ նուրբ, բայց միաժամանակ խոր զգացմունքայնությամբ և քնարականությամբ առանձնացավ համերգին մասնակցող միակ կին կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Աշոտ Ղազարյանի ստեղծագործությունը խոհական-քնարական նվիրում էր ուսուցչի հիշատակին։
Կարեն Անանյանի ստեղծագործության դեպքում պետք է նշենք, որ հաճելի անակնկալ էր կոմպոզիտորին տեսնել բեմում՝ իր իսկ ստեղծագործությունը կատարելիս։ Հիշեցնենք, որ նա նաև փայլուն դաշնակահար է։ Դա ավելի բնական է դարձնում ստեղծագործողի կապը թե՛ նվագախմբի, թե՛ ունկնդրի հետ։
Չենք կարող չնշել Մարտին Ուլիխանյանի և դստեր՝ Վիկտորյայի երկխոսության մասին. հայր և աղջիկ պարզապես հիացրին ունկնդրին իրենց անկեղծ ու սրտառուչ «Հարց ու պատասխան»-ով։
Հիրավի, երեկոյի զարդը Միխայիլ Կոկժաևի «Տարվա եղանակները» ցիկլն էր, որն առանձնահատուկ ջերմությամբ ու ժանրային բազմազանությամբ գերեց ունկնդրին։ Ցիկլի առաջին մասը ձմռան հանդարտ, սառնաշունչ գեղեցկությունը բնութագրող պավանան է, երկրորդ մասը՝ գարնանային պոլկան, երրորդը՝ ամառային աշխույժ ժիգան, և ստեղծագործությունը, ինչպես նաև այդ գեղեցիկ երեկոն, եզրափակող աշնանային նրբագեղ վալսը։ Կոմպոզիտորի գրելաձևին բնորոշ նվագախմբի գունային նուրբ զգացողությունը, ձևի ու բովանդակության կատարելությունը, երաժշտական հնագույն և դասական ոճերի արդիական մեկնաբանությունները ունկնդրին բիրտ ու պրագմատիկ իրականությունից տեղափոխեցին գեղեցիկ արվեստների հուզական աշխարհ։
Երեկոն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Դահլիճը լեցուն էր արվեստասեր մարդկանցով։ Յուրաքանչյուր ստեղծագործության կատարում ուղեկցվում էր հանդիսականների բուռն ծափահարություններով ու շնորհավորանքներով, որոնք ուղղված էին մերօրյա շնորհաշատ ստեղծագործողներին։
Սուսաննա Մարջանյան
Երաժշտագետ


























































