Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է

Հոկտեմբեր 10,2016 20:30 Share

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում:

Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ.

«Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,- նշել է տիկին Նաղդալյանը՝ վստահեցնելով , որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ, ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձևաչափով.

«Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը»,-իր խոսքում ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ փոխնախագահը համարել է բացառիկ համագործակցություն՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն.

«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ:

Համեմատություն կատարելով Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի հետ` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից, և ընդգծել, որ ավտորիտար վարչակարգերին բնորոշ` այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը:

«Տարածաշրջանի երկրների Ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն»,- ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31