Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող` բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը երկարացրել 2 ամսով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Խաչատուր Գիչյանի պաշտպանը՝ Տիգրան Սարգսյանը:
«Քննիչը միջնորդեց, որ ազատության մեջ գտնվելով՝ Գիչյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, եւ դեռ քննչական գործողություններ կան անելու: Քննիչի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ վերջին քննչական գործողությունն իրականացվել էր հոկտեմբերի 24-ին, դրանից հետո բան չէր արված: Մենք առարկեցինք՝ նշելով, որ քննչական գործողություններն արդեն իսկ կատարվել են, եւ Գիչյանին անազատության մեջ պահելու հիմքեր չկան: Քննչական մարմինը չունի ապացույց եւ փաստ, որ Գիչյանը խոչընդոտել է քննությանը, իսկ նման դեպքերում կալանավորում չի կարելի կիրառել»,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ փոփոխվել է Գիչյանին առաջադրված մեղադրանքի ծավալը. «Նախկինում նրան մեղադրում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ շենքեր, շինություններ ապօրինի զավթելուն օժանդակելը, եւ անձանց պատանդ վերցնելն ու պետական մարմիններին ոչ իրավաչափ պահանջներ ներկայացնելը: Երկրորդ հոդվածը հանվեց»:
Պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, թեեւ Խաչատուր Գիչյանը դատարանի հետ հույսեր չի կապում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































