Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. նախարարը հանձնարարեց խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը

Նոյեմբեր 14,2016 12:47

Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:

Ա. Մկրտչյանը նշեց, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 95 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Տնօրենի փոխանցմամբ՝ այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի:

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց, որ շարունակվում է ազդարարման համակարգերի տեղադրումը մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես Տավուշի սահմանամերձ համայնքները:

ՄԱԶԾ Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը նույնպես անդրադարձավ ազդարարման համակարգերի տեղադրմանը, նշեց, որ կատարվել են քարտեզագրման աշխատանքներ, որոնք ներառում են աջակցություն պահանջող գյուղական համայնքներն ու քաղաքները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է հոկտեմբերի 31-ին անհետացած երիտասարդներից մեկի դին: ՄՓՎ պետի փոխանցմամբ՝ արդեն 15-րդ օրն է շարունակվում են մարզի Նորատուս գյուղի մյուս երիտասարդի որոնողական աշխատանքները և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց լավ ծառայության համար և հանձնարարեց որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած երկու ջրասուզակներին՝ Ա. Ճզմաչյանին և Վ. Մելքոնյանին ներկայացնել դրամական խրախուսման:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը և ջրասուզակ Վ. Մելքոնյանը որոնողական աշխատանքներ են իրականացրել մինչև 35 մ խորությամբ: Նախարար Երիցյանը հանձնարարեց նաև ակտիվացնել ջրասուզակների վերապատրաստման գործընթացը՝ լավագույն մասնագետների հետ հանդիպումներ և գործնական պարապմունքներ կազմակերպելով: Քննարկվեց նաև ստորջրյա որոնողական ժամանակակից սարքերի ձեռքբերման հարցը:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930