Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային ներկայացումնե՞ր, կառավարական հանդիսություննե՞ր, թե՞ հոբելյաններ

Նոյեմբեր 25,2016 14:00

Ինչու է օպերային դահլիճը միակը. ներկայացնում են մասնագետները

Ազգային օպերային թատրոնը ոչ միայն մասնագիտական բեմ է, այլեւ ամենաբարձրակարգ հանդիսասրահ, որտեղ անցկացվում են պետական, կառավարական արարողություններ, ինչպես նաեւ՝ սիրված եւ նշանավոր անձանց հոբելյաններ: Երեւանյան ոչ մի թատերասրահում այդքան տոնական միջոցառումներ չի իրականացվում, որքան օպերային թատրոնում: Առաջին հայացքից այն տպավորությունն է, որ մենք այլ հանդիսասրահ չունենք եւ գերպատասխանատու միջոցառումների հիմնական մասը արվում է այդ բեմում: Մասնագետների համար ակնհայտ է, թե ինչու են բոլորը ձգտում oպերային թատրոն, թեեւ դժվար է եւ վարձակալության խնդիրը, եւ, անկասկած, այդ բեմին հարիր ու պատշաճ արարողության անցկացումը:

Լայն ընթերցողին ներկայացնենք օպերային թատրոնի զբաղվածության պատճառը՝ «Առավոտի» հետ զրուցած մասնագետների դիտարկմամբ: Բանն այն է, որ այդ թատրոնի բեմը ապահովում է բարձրակարգ հանդիսությունների անցկացման բոլոր պահանջները: Հենց այս առումով այն միակն է: Բեմը համապատասխանում է թատերական համաշխարհային ամենաբարձրակարգ պահանջներին: Հիշեցնենք, որ վերջին տարիներին թամանյանական հանճարեղ ճարտարապետական հորինվածքը համալրվեց գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով եւ բեմի մեխանիկայով՝ բարձրացող-իջնող բեմական հատվածներ, հեռակառավարման եւ անձայն աշխատող հզոր բեռնաձողեր, ետվարագույրային եւ կուլիսային ճկուն ու շքեղ համակարգ եւ իհարկե՝ ծրագրային կառավարում:

Քանիցս մեր հարցին, թե ծանրաբեռնված գրաֆիկը չի՞ խանգարում թատրոնի խաղացանկային ներկայացումներին, թատրոնի տարբեր պաշտոնյաներ՝ սկսած տնօրենից, հավաստիացրել են, որ ոչ, նույնիսկ ներկայացրել թատերաշրջանի ընթացքում ներկայացումների ժամանակացույցը:

spendiaryan

Օպերային եւ բալետային արվեստների տարվա հոբելյարները:

martirosyan

Մենք այս անգամ հարցազրույցի հրավիրեցինք թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանին: Վերջինս նախ հիշեցրեց, որ ընթացիկ թատերաշրջանը նվիրված է անվանի տենոր եւ ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին ու նրա ծննդյան 65-ամյակին: Անվանի արվեստագետին նվիրվեց նաեւ Պուչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերան, որը նրա չիրականացրած ծրագրի առաջին հորիզոնականում էր:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ նոյեմբերի 1-ին օպերային թատրոնը Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համատեղ անցկացրել է միջոցառում՝ նվիրված Ալ. Սպենդիարյանի 145-ամյակին՝ թատրոնի ճեմասրահում ներկայացված ցուցադրությամբ, նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների սպենդիարյանական երաժշտության կատարումներով: Հավելեց, որ մեծանուն արվեստագետների հոբելյաններին թատրոնի անդրադարձը սկսվել է ընթացիկ տարվա փետրվարին. «Խաչատրյանի «Գայանե» բալետը նվիրեցինք գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի ծննդյան 75-ամյակին»:
«Վերջերս, կոնկրետ՝ նոյեմբերի 6-ին, թատրոնում կայացավ Տաթեւիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված երեկո եւ մեծանուն երգչուհու անվան երիտասարդ վոկալիստների հանրապետական մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, ինչպես նաեւ «Հայփոստի» կողմից երգչուհու դիմանկարով դրոշմանիշի մարման արարողությունը»,- հայտնեց փոխտնօրենը:

«Ճանաչված խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի ծննդյան 85-ամյակին կնվիրենք Բիզե-Ռոդին Շչեդրինի «Կարմեն» սյուիտի ու «Լորկիանա» բալետային ներկայացումները դեկտեմբերի 15-ին: Մինչ Ամանոր, դեկտեմբերի 24-ին, հոբելյանական է Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ ի պատիվ ճանաչված տենոր, ռեժիսոր եւ ժամանակին մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանի ծննդյան 80-ամյակի: Այդ առիթով նրա լավագույն սաներից, հեղինակավոր օպերային թատրոններում սպասված հյուր, ամերիկաբնակ տենոր Եղիշե Մանուչարյանը հիշյալ ներկայացմանը հանդես կգա Սարոյի դերերգով: Իսկ ամսի 29-ի «Տոսկան» նվիրելու ենք Միհրան Երկաթի 95-ամյակին: Այս ներկայացման մեջ ժամանակին ճանաչված բարիտոնը մեր թատրոնում եւ այլ բեմերում փայլել է Բարոն Սկարպիայի դերերգով»,- տեղեկացնում է Հրաչ Գրիգորյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930