Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ասում էիք՝ ուզում ա պոլի փետ լինի՝ միայն ՀՀՇ-ից լինի». ԱԺ-ում Արամ Մանուկյանն ու Հերմինե Նաղդալյանը վիճեցին (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 18:39
Hermine Naxdalyan

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հեգնեց, որ մի գիշերում ՀՀԿ-ական դարձավ 7000 մարդ: Ըստ նրա, հնարավոր է դա Կարեն Կարապետյանի նվերն է՝ ՀՀԿ-ին: Նա նաեւ հեգնեց, որ հիմա գազավիկ լինելը շատ մոդայիկ է դարձել:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր ելույթում խորհուրդ տվեց ՀՀԿ-ին. «Օրը մի անգամ տաքսի նստեք եւ կիմանաք իրականությունը, թե ինչ են խոսում ձեր մասին, կառավարության մասին, նաեւ ընդդիմության մասին: Կլսեք ու կիմանաք շատ ավելի բան, քան ձեր նախարարները գիտեն: Դրանից միայն օգուտ կքաղեք»: Նա հորդորեց շփվել ժողովրդի հետ եւ տեսնել, որ այն, ինչ ներկայացնում են՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Կուսակցությունների մասին»  օրենքը, եւ Արամ Մանուկյանը մեջբերեց, որ կուսակցությունը քաղաքացիների կամավոր միասնություն է, որ կուսակցության անդամակցումը կամավոր է եւ անհատական. «Ձեր վարչապետն ու նախարարները եթե չլինեին վարչապետ ու նախարար, ՀՀԿ-ական դառնալո՞ւ էին, թե՞ այդ օրը բոլորը միասին պայծառատես դարձան ու որոշեցին, որ ունեն այդ գաղափարախոսությունը եւ անդամագրվեցին»:

Արամ Մանուկյանի համար ընդունելի չէ, երբ 55-60 տարեկան մարդը դիմում է գրում, թե ընդունեցի ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, ո՞ւմ համար պարզ չէր, որ եթե այդ մարդիկ վարչապետ ու նախարար չլինեին, չէին դառնալու, պարզ չի՞, որ այդտեղ հրահանգ է եղել: Նա փոխանցեց, թե ինչ է խոսում հասարակությունը դրա մասին. «Ասում են՝ կրոնն ընդունեցին, եւ ասում են՝ кто в доме хозяин: Հեքիաթը, որ Կարեն Կարապետյանի հետ կապված էր, քանդվեց: Այդ հեքիաթն այլեւս ավարտված է, որովհետեւ դուք ձեր կուսակցական ճնշումով կարգավորեցիք այդ դաշտը»:

Արամ Մանուկյանն իր հետ բերել էր այն վարչապետների ցանկը, որոնք ՀՀՇ-ի իշխանության ժամանակ կուսակցական չեն եղել. «Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան: Որեւէ մեկը այս մարդկանց անգամ առաջարկ չի արել կուսակցական դառնալ: Մեր ժամանակ 22-23 նախարարներից ընդամենը 5 ՀՀՇ-ական է եղել: Ձեր այս ստիպողականությունը, կամավորության հակադրությունը չի եղել երբեք: 157 հազար ՀՀԿ-ական կուսակցության անդամ կա»:

 

Նա վստահեցրեց, որ ամենաշատ կուսակցականացված, քաղաքականացված երկրներում բնակչության 3-4 տոկոսն է լինում կուսակցական անդամ. «Իսկ անցումային շրջանում 160 հազար ՀՀԿ անդամ, արդեն ակնհայտ է, զռռում է, որ չկա նման բան»:

Նա իր ելույթի վերջում առաջարկեց պատվավոր կուսակցականի պաշտոն ստեղծել, այն գործիչները, որոնք 3-4 կուսակցություն են փոխել, նրանց պաշտոն տալ եւ դա սկսել ԱԺ դահլիճից:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ելույթից հետո արձագանքեց Արամ Մանուկյանին. «Իսկ կարո՞ղ է հիշեցնեք մի որեւէ փոխնախարարի անուն, որն իր պաշտոնը պահելու համար իր կուսակցությանը դավաճանեց»: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի՝ իշխանությունից հեռանալուց հետո էլ Արամ Մանուկյանը շարունակում էր պաշտոնավարել իբրեւ մշակույթի փոխնախարար:

Նաղդալյանը հրավիրեց բոլորին ՀՀԿ, որ այդ 7000 հոգին, որոնք կստանան ՀՀԿ-ի անդամատոմսը, ճանաչեն, տեսնեն՝ պարտադրանք կա՞, թե՞ չկա:

Շատ որ տաքացավ՝ Հերմինե Նաղդալյանը Արամ Մանուկյանին հիշեցրեց հայտնի խոսքերը. «Ինչի՞ մասին եք խոսում, որ հիշողություններից եք խոսում, մի ժամանակ կար, որ ասում էիք՝ ինչ ուզում ա լինի, ուզում ա պոլի փետ լինի՝ միայն ՀՀՇ-ից լինի: Մենք էդ էլ ենք հիշում»:

Արամ Մանուկյանը վիճեց , սկսեց տեղից հակադարձել ու հերքեց. «Դա ՀՀԿ-ական կուսակցության անդամները իրենց խոսքերը ինձ են վերագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930