Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զարմինե Զեյթունցյանը կատակեց՝ «Եթե Հայաստանում ես հանգստացել, ուրեմն գործերդ լավ են»

Նոյեմբեր 30,2016 16:32

«Մենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, տեղյակ չենք թե մեր մշակութային արժեքներից, թե պատմությունից, մեր ունեցած հնարավորություններից»,-այսօր «Արմենպրես» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

Նրա ներկայացմամբ՝ կոմիտեն զբոսաշրջության շտեմարան է ստեղծելու, որը մշակութային, բնական հուշարձանների բազա կլինի: Այս շտեմարանը, ըստ կոմիտեի նախագահի, հանձնելու են տուրօպերատորներին:

«Նույն տուրօպերատորները փաթեթներ են մշակում հայտնի ուղղություններից ելնելով: Բայց իրականում կան թաքնված եւ հետաքրքիր տեղեր: Ես այս մասին միշտ խոսել եմ: Կա շատ պարզ մարկեթինգային քաղաքականության, չասեմ բացակայում, բայց գուցե թերացում՝ թիրախավորելու, սեգմենտավորելու եւ թիրախավորված շուկան ներկայացնելու»,-ասաց տիկին Զեյթունցյանը:

Շտեմարանը ստեղծելու գործում, ըստ Զեյթունցյանի, կհամագործակցեն տարբեր գերատեսչությունների հետ, բայց այն մեկ տարվա մեջ ամբողջությամբ ավարտին հասցնել չի հաջողվի:

Տիկին Զեյթունցյանի պատմելով՝ Հայաստանում իրենց հանգիստը կազմակերպել ցանկացող ռուսաստանցիները, վստահեցրել են՝ Հայաստանը շատ նպաստավոր երկիր է, նույնիսկ հյուրանոցների մասով, հատկապես կորպորատիվների համար մատչելի գներ են. «Բայց միշտ չէ, որ մատչելի ապրանքը գրավիչ է: Եթե մենք անընդհատ համեմատվում ենք հարեւան երկրների հետ, կցանկանայի համեմատվելու փոխարեն հասկանանք, թե ի՞նչ ունենք առաջարկելու»:

Հայաստանում հյուրանոցային ծառայությունների գների բավականին բարձր լինելու մասին մշտապես հնչող այս հարցին, տիկին Զեյթունցյանը հայտնի անեկդոտով պատասխանը սկսեց. «Որտե՞ղ ես հանգստացել: Հայաստանում: Ուրեմն գործերդ լավ են: Այո, ներքին զբոսաշրջությունը շատ կարեւոր է, կա խնդիր: Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ լուծման հնարավորություններ կան, սոցփաթեթները հենց դրա զարգացմանն է նաեւ ուղղված»:

Տիկին Զեյթունցյանն անդրադառնալով ձմեռային տուրիզմին, ասաց, որ իր մոտ միշտ հարց է ծագել՝ Հայաստանում հյուրանոցների գները տարանջատված չեն ըստ սեզոնների, ամբողջ տարվա ընթացքում մնում է նույնը. «բայց մենք չունենք լծակներ գների վրա ազդելու»:

Ասուլիսին ներկա «Շիրակ տուրս» ընկերության ղեկավար Ալեքսան Տեր-Մինասյանն էլ ասաց, որ Շիրակի մարզի հյուսիսը մեծ հնարավորություն ունի ձմեռային տուրիզմը զարգացնելու համար, հատկապես՝ դահուկային: Շիրակի հյուսիսն, ինչպես նշեց Տեր-Մինասյանը, ամենացուրտն է Հայաստանում, բայց նաեւ շատ արեւային. «Միշտ հարուստ է ձյունով, եւ 7 ամիս ձյուն է լինում, այստեղ դահուկային սպորտաձեւը տրադիցիոն է նաեւ այսօր՝ փոքր ակումբների մակարդակով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930