Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը բարեփոխվել է». Շարմազանովը՝ իր ոստիկան եղբոր եւ ոստիկանների մասին վատ կարծիքի մասին

Դեկտեմբեր 08,2016 14:15

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատություններում ընդունելությունը խթանելու, թափուր հաստիքները առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ:

Փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանության ակադեմիայի դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Նվազել է նաեւ քոլեջի դիմորդների քանակը: Մրցակցային սկզբունքով արդեն չեն առաջնորդվում, այլ՝ հատկացված տեղերն են լրացնում: Առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանության միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել ընդունել նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների, իսկ ոստիկանության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու լիազորությունը պետք է կառավարությունը սահմանի:

Նախագծով առաջարկվում է հանել ավագ, գլխավոր եւ բարձրագույն խմբերի համար Բարձրագույն ոստիկանական կրթության պարտադիր պահանջը: Վարդան Եղիազարյանն ասաց, որ ավագ եւ գլխավոր խմբերի ընդհանուր կանոնից առաջարկվում է բացառություն անել, որ մասնագիտական հանձնաժողովի երաշխավորությամբ նշանակում լինի անձնական բարձր որակներ եւ ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցողների համար:

Առաջնահերթություն է տրվում ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողներին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է ոչ թե փոփոխություններ լինեն, այլ՝ բարեփոխումներ. «Շատ դեպքերում փոփոխությունները լինում են ինքնանպատակ: Ես դեմ եմ ինքնանպատակ փոփոխություններին: Ոստիկանության բարեփոխումների հետ կապված պետք է համեմատենք ոստիկանությունը 10 տարի առաջ, 5 տարի առաջ եւ այսօր: Անհամեմատ դրական առումով մեծ աճ կա, ոստիկանությունը բարեփոխվել է: Բայց այնպես չի, որ անելիք չունենք: Անելիք առաջին հերթին ունեն մեր քաղաքացիները: Պետք է փոխենք այն կարծիքը, որ կա որոշ մարգինալացված շրջանակներում ՝առ ոստիկանություն: Երբ մեկի տունը գող է մտնում, զանգում են ոստիկանություն, մեկին օգնություն է պետք լինում՝ բոլորը հիշում են 02, բայց երբ գնահատելու ժամանակ է լինում ոստիկանների աշխատանքը, բոլորը մոռանում են»:

Նա ասաց, որ ոստիկանները նվազագույն աշխատանքով պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը, մեր հանգիստ քունը: Շարմազանովը վստահեցրեց, որ բոլոր բացթողումներով հանդերձ՝ ոստիկանությունը բարեփոխվել է: ԱԺ փոխխոսնակն արդեն կանխատեսում է, թե ինչ քննադատություններ կհնչեն իր հասցեին՝ իր այս խոսքերից հետո: Նա ասաց, որ իր եղբայրն էլ ոստիկան է եւ ինքը շատ լավ հասկանում է ոստիկանի ծանր աշխատանքն ինչ է նշանակում. «Ես շատ լավ հասկանում եմ ոստիկանի՝ 24 ժամվա չնորմավորված աշխատանքը»: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:

Վարդան Եղիազարյանն էլ, խոսելով մեր ոստիկանության հեղինակության մասին՝ վստահեցրեց, որ ՀՀ ոստիկանությունը ԱՊՀ-ում եւ միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ունի, իսկ մեր բարեփոխումները օրինակելի են ՌԴ-ի, Ղրղըզստանի համար, մեզանից սովորում են:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հավելեց, որ իր եղբայրը ոստիկան չէ, բայց լրիվ համաձայն է Շարմազանովի հետ, ահռելի աշխատանք են արել եւ բարեփոխումներ կան ոստիկանությունում: Որպես ապացույց, պատգամավորը նշեց, որ գիշերով մեր փողոցներում հանգիստ կարողանում ես քայլել անվտանգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031