Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ վաշտի հրամանատար. «Իմ աչքին երեւում է որպես իրավախախտ, եթե ոստիկանը բերման է ենթարկում». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 17:39

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2015թ.-ի «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի  քննության ժամանակ որպես վկա հարցաքննվեց ոստիկան Վահագն Աղաջանյանը, որը ներկայացավ որպես ՊՊԾ գնդի վաշտերից մեկի հրամանատար:

Հիշեցնենք՝  ոստիկանության աշխատակիցներ Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին եւ Դավիթ Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման են ենթարկել:

Այս գործով տուժող են նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանը, լրագրողներ Աշոտ Բոյաջյանը, Արթուր Պապայանը:

Վահագն Աղաջանյանը դատավորին պատմեց՝ տեսել է, թե ինչպես է Կոստան Բուդաղյանը բերման ենթարկում օպերատոր Խաչատուր Եսայանին: Վերջինիս մոտ տեսախցիկ չի նկատել եւ չի լսել, որ նա լրատվամիջոցի աշխատակից է: Նաեւ չի տեսել, որ Եսայանից տեսախցիկ վերցնեն: «Ծառայության ընթացքում նման հրամաններ չեն տրվում: Ոչ ես եմ ստացել նման հրաման, ոչ էլ իմ աշխատակիցները»,-պնդեց հրամանատարը:

Իսկ թե ինչ պատճառով էին ոստիկաններն օպերատորին բերման ենթարկել, Վահագն Աղաջանյանն ասաց. «Այդ պահին չեմ կարող ասել՝ ի՞նչ էր արել: Եթե ոստիկանը ցանկանում է բերման ենթարկել, ես պարտավոր եմ միջամտել եւ օգնել: Իմ կարծիքով՝ իրավախախտում էր արել, եթե ոստիկանը ցանկանում էր բերման ենթարկել: Իմ աչքին անձը երեւում է որպես իրավախախտ, եթե ոստիկանը բերման է ենթարկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031