Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրաքյան ժողովուրդը ողջ աշխարհի փոխարեն պայքարում է բարբարոս ահաբեկչության դեմ»

Դեկտեմբեր 10,2016 16:00

Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր
Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդի հարցազրույցն «Առավոտին»:

– Իրաքի կառավարական զորքերը փորձում են ազատագրել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքը, բայց առայժմ լուրջ արդյունքներ, կարծես, չկան։ Ի՞նչն է պատճառը։

– Իրաքյան ուժերին արդեն իսկ հաջողվել է ազատագրել Մոսուլի շրջանի 76 գյուղ եւ դրանք «մաքրել» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրոսակներից։ Մոսուլի ազատագրման ճակատամարտն առաջ է մղվում հաստատուն քայլերով եւ ըստ սահմանված պլանի՝ հիմնված քաղաքացիների, նրանց սեփականության պաշտպանության ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տիրապետությունից նրանց ազատագրման սկզբունքների վրա։

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տիրապետությունից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները սկսելուց առաջ իրաքյան ղեկավարությունը հաստատեց իր վճռականությունը քաղաքացիների կյանքի պաշտպանության եւ քաղաքի տարբեր ստորաբաժանումների պահպանության, ինչպես նաեւ Իրաքի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների ճշգրիտ լուսաբանման հարցում, ուստի եւ իրաքյան կառավարությունը միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին թույլ տվեց ուղեկցելու իրաքյան ռազմական ստորաբաժանումները՝ այդպիսով փակելով ճանապարհը հակաիրաքյան միջազգային լրատվության առջեւ։

Իրաքյան կառավարությունն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը Մոսուլի ազատագրման ճակատամարտը հասցնելու իր հաջող ավարտին ու վերջնական արդյունքին՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները քաղաքացիական անձանց շրջանում հնարավորինս քիչ կորուստներ տալու եւ քաղաքի ազատագրումից հետո բնակիչների վերադարձն ապահովելու համար։ Ճակատամարտի մեկնարկից ի վեր ձեռնարկված ռազմական գործողություններն արդեն ապացուցել են այս ծրագրի իրատեսական լինելը, եւ դա հատկապես իրաքյան ուժերի տարբեր ստորաբաժանումների եւ «Փեշմերգայի» ուժերի միջեւ սերտ համագործակցության շնորհիվ։

– Միջազգային լրահոսում, սակայն, արձանագրումներ եղան այն մասին, որ Մոսուլի ազատագրման գործընթացում իրաքյան ուժերը նաեւ բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել:

– Որոշ միջազգային կազմակերպությունների տարածած ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրաքյան ուժերը բազմաթիվ իրավախախտումների են դիմել Մոսուլ քաղաքում, իրականությանը չհամապատասխանող սուտ մեղադրանքներ են, եւ իրաքյան կառավարությունն արդեն իսկ հերքել է այդ ապատեղեկատվությունն ու խիստ ցուցումներ է տվել իրաքյան ուժերի բոլոր ստորաբաժանումներին (իրաքյան բանակին, «Ազգային կենտրոնացման ուժերին»՝ «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի», «Փեշմերգային», Ահաբեկչության դեմ պայքարի ուժերին, Միացյալ ոստիկանությանը)` վերահաստատելով իր վճռականությունը՝ գործելու մարդասիրական նորմերի եւ օրենքի շրջանակներում եւ օրենքին հակասող վերաբերմունք չցուցաբերելու ոչ մի մեղադրվող կամ կասկածելի անձի հանդեպ՝ գիտակցելով Մոսուլի ազատագրման համար մղվող ճակատամարտի «զգայունության» աստիճանը։

Հետեւելով մինչ օրս տեղի ունեցած Մոսուլի ազատագրման մարտերի ընթացքին՝ կարելի է նկատել, որ իրաքյան հակաահաբեկչական ուժերն զգալի առաջընթաց են գրանցել Մոսուլի արեւմտյան մի շարք թաղամասերի ուղղությամբ (Ալ-Քարամա, Ալ-Նահդա, Ալ-Կահիրե, Ալ-Ամըն, Ալ-Մասարիֆ, Ալ-Կադիսիյա, Ալ-Զահրա, Ալ-Թահրիր, Ալ-Մուհարիբին, Ալ-Ջամիիա, Ալ-Սամահ, Ադեն, Ալ-Շուկակ ալ-խադրա եւ Մահատաթ ալ-թելեֆիզյոն), իսկ ռազմական ղեկավարությունը վերջապես հայտարարեց, որ իրեն արդեն հաջողվել է նաեւ ռազմական օղակի մեջ առնել Մոսուլ քաղաքը։

– Գաղտնիք չէ, որ շատ հարցերում, այդ թվում նաեւ Իրաքի հարցում, գերտերություններն ու աշխարհաքաղաքական կենտրոնները հակադիր, երբեմն իրար բացառող շահեր ունեն, եւ դա խանգարում է խնդիրների արագ հանգուցալուծմանը։ Ինչպե՞ս խուսափել աշխարհաքաղաքական վեճերի թատերաբեմ դառնալուց։

– Ժամանակակից իրաքյան պետությունը որդեգրել է արտաքին քաղաքականություն, որը գալիս է արմատապես վերափոխելու իրաքյան նախորդ վարչակարգի վարած քաղաքականությունը, որն իր ռազմատենչ ու ներփակված բնույթի պատճառով բազմիցս միջազգային փակուղու առաջ է կանգնեցրել Իրաքին։ Դա իրականացվում է աշխարհի հետ սերտ փոխգործակցության հաստատման, պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա՝ սկսելով հարեւան երկրների հետ հարաբերությունների սերտացումից, ապա նաեւ արաբական եւ իսլամական աշխարհի հետ բաց քաղաքականություն վարելուց՝ Իրաքն իր բնականոն հունին վերադարձնելու եւ միջազգային հանրության շրջանում երկրի արժանի դիրքը վերականգնելու նպատակով՝ թույլ չտալով, որ երկիրն այլեւս դառնա միջազգային կոնֆլիկտների թատերաբեմ:

Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքականության բնույթը մեծապես պայմանավորված է ներկայիս միջազգային ու տարածաշրջանային զարգացումներով, որոնք լրացուցիչ սպառնալիք են ներկայացնում Իրաքի արտաքին քաղաքականության հիմնական նպատակների ու առաջնահերթությունների իրականացմանը։ Դրանցից գլխավորը «արաբական գարնան» ալիքն էր, որը ցնցեց ողջ տարածաշրջանը: Այս պայմաններում Իրաքն իր արդյունավետ դիվանագիտության շնորհիվ եւ օրենքի ու էթիկայի նորմերի պահանջների շրջանակներում փորձեց մշակել այնպիսի արտաքին քաղաքականություն՝ կոչ անելով ազգային պահանջներն իրագործել երկխոսության եւ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների միջոցով այնպիսի երկրներում, որոնց ժողովուրդները պայքարում են հանուն իրենց իրավունքների։ Այսօր Իրաքը նախադեպը չունեցող պատերազմ է մղում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, իսկ իրաքյան ժողովուրդը ողջ աշխարհի փոխարեն պայքարում է բարբարոս ահաբեկչության դեմ:

Եվ այս փուլում Իրաքի արտաքին քաղաքականությունը մինչեւ 2003 թվականը իրեն բնորոշ «զուտ արձագանքելու» մակարդակից անցում կատարեց ավելի գործնական մակարդակի` տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներում քաղաքական արդարության ապահովման մեջ իր դերակատարումն ուժեղացնելու նպատակով: Ներկա պայմաններում նման քաղաքականություն վարելու եւ Իրաքում քաղաքականության եւ անվտանգության հետ կապված գործընթացների զարգացման շնորհիվ իրաքյան արտաքին քաղաքականությունն ի զորու կլինի ձեւավորելու մի կարեւոր գործոն, որը թույլ կտա ապահովել երկրի տնտեսական բարգավաճումն ու դիմակայել ներկա մարտահրավերներին:

 

Շարունակելի
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031