Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական հնչյուններով ամփոփվել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը

Դեկտեմբեր 12,2016 12:37

Դեկտեմբերի 10-ին ամփոփվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Գալա համերգին ներկա էին ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը։

Ավելի քան երկու ամիս խաչատրյանական փառատոնի կազմակերպիչներն ու երաժիշտներն ունկնդրին են պարգևել կամերային, սիմֆոնիկ համերգներ, բալետային ներկայացումներ, մանկական ծրագրեր, անցկացվել են վարպետության դասեր։ Փառատոնի ընթացքում եղել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ, և այս ամենը լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո։
Փառատոնի փակման երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը՝ մենակատար Հայկ Կազազյան և Երկրորդ սիմֆոնիան «Զանգով սիմֆոնիա»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը, նկատել է, որ արձանագրել են բազմաթիվ հաջողություններ, և այդ հաջողությունները կնպաստեն, որպեսզի հաջորդ տարի է՜լ ավելի մեծ բովանդակություն հաղորդեն Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնին։ «Պրոֆեսիոնալ իմաստով ունենք շատ հետաքրքիր ծրագրեր, բացառիկ մենակատարներ։ Եվ իհարկե ինձ ու մեր մեծ թիմի համար կարևոր է, որ խաչատրյանական փառատոնը միավորում է նաև հայաստանյան լավագույն կոլեկտիվներին ու մենակատարներին»,- ասել է պարոն Սմբատյանը։
Ջութակահար Հայկ Կազազյանը նշում է, որ միշտ հետևում է Խաչատրյանի փառատոնի ընթացքին և ուրախ է, որ բարձրակարգ մենակատարներ, դիրիժորներ են ժամանում Հայաստան՝ մասնակցելու երաժշտական այս տոնին։ Ըստ Հայկ Կազազյանի՝ վերջին տարիներին Հայաստանի երաժշտական կյանքի, փառատոների, համերգների մակարդակը շատ բարձրացել է, և դրա մեջ մեծ տեղ ունի հենց խաչատրյանական փառատոնը։ Մոսկվայում բնակվող Հայկ Կազազյանն ընդգծում է նաև, որ երևանյան բեմում առանձնահատուկ, ջերմ հույզերով է ելույթ ունենում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։

Փառատոնի փակման համերգի տեսագրությունը

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031