Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծված համատեղ հանձնաժողովում չընդգրկվելու մասին

Դեկտեմբեր 12,2016 13:06 Share

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:

Կարևորելով հանրային վերահսկողությունը բոլոր փուլերում, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում ներգրավվել այս հանձնաժողովում, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներիս համար լրջագույն խնդիրը գործուն լիազորություններ չունեցող այս կառույցի գործարկումը չէ, այլ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների՝ ընտրական օրենսգրքով նախատեսված աննախադեպ սահմանափակումները, որոնց առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունն ու օրինականությունը, և այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու իշխանության պատրաստակամությունը:

Խնդրահարույց է նաև հիշյալ եռակողմ հանձնաժողովի գործառույթների, դրա գործունեության և լիազորությունների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման կայացման ոչ ներառական բնույթը, ինչպես նաև՝ այդ որոշմամբ սահմանված պայմանները, որոնք պարտադրվում են քաղաքացիական հասարակությանը և դրա առանձին ներկայացուցիչներին:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բազմաթիվ քննարկումներն ու դրանց արդյունքում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումները վերացնելու վերաբերյալ արված առաջարկությունները այդպես էլ օրակարգային չդարձան կառավարության համար, իսկ  որոշ  դրական փոփոխությունները, որոնք հնարավոր եղավ արձանագրել ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ստվերվեցին և չեզոքացվեցին ակնհայտ անհամաչափ սահմանափակումներով և ներդրված պատասխանատվության ինստիտուտներով, որոնք ևս չէին դարձվել լայն քննարկման առարկա:

Հաշվի առնելով վերագրյալը, աննպատակահարմար ենք համարում մեր ներգրավումն այս հանձնաժողովում: Միևնույն ժամանակ, հնարավորինս ուշադրության կենտրոնում ենք պահելու հանձնաժողովի աշխատանքը՝ ակնկալելով  թափանցիկ և հրապարակային գործունեություն:

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ԻՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031