«Նախորդ տարի հանձնաժողովը մշտադիտարկումներ է իրականացրել վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների եւ վերջինների տեղակալների եւ խորհրդականների պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակներում՝ անհամատեղելիության պահանջների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման ստուգման նպատակով։ Ընդհանուր 114 պաշտոնատար անձ։ Դիտարկվել են նաեւ պաշտոնատար անձանց կողմից բիզնես գործընթացներում հնարավոր ներգրավվածությունը, ոչ համատեղելի պաշտոնների զբաղեցումը, մասնավոր շահերի տեսանկյունից ռիսկային գործարքների իրականացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրային գնումների ոլորտին»,- ԱԺ նստաշրջանում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը (լուսանկարում)՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Նա ասաց, որ բարեվարքության համակարգի տարրերի առնչությամբ իրականացվել է շուրջ 245 ուսումնասիրություն, ինչը կրկնակի գերազանցել է 2024-ի արդյունքը։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում բարեվարքության համակարգի տարրերին առնչվող առերեւույթ խախտումների հիմքով նախաձեռնվել է 33 վարույթ, դրանցից 16-ը վերաբերել են շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չներկայացնելուն, երկուսը՝ առերեւույթ շահերի բախման իրավիճակին։
«Ընդհանուր առմամբ, շահերի բախմանն առնչվող քննությունները մեծամասամբ վերաբերել են հանրային գնումների գործընթացներում պաշտոն զբաղեցրած անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների մասնակցությանը, իսկ խախտում թույլ տված անձինք հիմնականում զբաղեցրել են համայնքային քաղաքական պաշտոններ»,- նշեց Մարիամ Գալստյանը։
Նա նաեւ ասաց, որ պաշտոնատար անձանց կողմից ստացված եւ հաշվառված նվերները հիմնականում եղել են արարողակարգային բնույթի եւ հանդիսացել են օրենքով սահմանված կարգով ստացված պարգեւներ։
Կարդացեք նաև
Գալստյանը նաեւ նշեց, որ 2025-ին վարչական տույժ կիրառելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով Գլխավոր դատախազություն է ուղարկվել 13 հաղորդում։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հարցրեց՝ դատավորների կողմից անհամատեղելիության պահանջների, վարքագծի կանոնների խախտումների կամ շահերի բախման դեպքեր եղե՞լ են։
Մարիամ Գալստյանն ի պատասխան ասաց, որ դատավորների մասով միայն անհամատեղելիությունն են քննում․ «Այս տարի, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի դեպք է եղել, երբ մենք դատավորների վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել համապատասխան մարմիններ եւ կարգապահական վարույթ ենք հարուցել ու կասեցրել»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































