Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյանի արձագանքը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի զեկույցին

Դեկտեմբեր 27,2016 23:23

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակել է բացարձակ սուտ տեղեկություններ, վստահեցնում է բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով հ/կ-ի հրապարակած «Ընտանեկան բռնության օրենքին դեմ պայքարողների ռուսական հետքը» զեկույցին:

«Փորձում են սխալ կարծիք ձեւավորել իմ և այն մարդկանց մասին, որոնք դեմ են Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունմանը: Եթե իրենք պնդում են, որ Ընտանեկան բռնության մասին օրենքին դեմ խոսողներն ունեն ռուսական հետք, պետք է իմանային, որ նույն օրենքը գրեթե բառ առ բառ ընդունված է Ռուսաստանում, եւ Ռուսաստանում էլ է այս օրենքի դեմ պայքար գնում, հասարակությունը փոփոխություններ է պահանջում օրենքում: Եվ մեղադրել այստեղի մարդկանց, որ նրանք Ռուսաստանի մարդիկ են, այս պարագայում ուղղակի զավեշտալի է: Իմ մասին ինչ-որ գնահատականներ են գրվում, թե իբր ես պրոռուսական ու հակաարեւմտյան հրապարակումներով հայտնի եմ:
Ես միշտ հանդես եմ գալիս իմ սկզբունքներից ելնելով, որոնք, իմ համոզմամբ, ձեռնտու են ՀՀ-ին, իսկ այն, թե հիմա տվյալ պահին իմ դիրքորոշումը համընկնում է ՌԴ տարածաշրջանային շահերին, թե չի համընկնում, դա իմ խնդիրը չէ: Դժվար է, օրինակ, հայ մարդու համար չուրախանալ, որ Քեսաբն ու Հալեպը, վերջապես, ազատագրվել են, և հինգ տարվա ընդմիջումից հետո Հալեպում ղողանջում են հայկական եկեղեցու զանգերը:

Մյուս կողմից ես նաեւ բազմաթիվ հրապարակումներով հանդես եմ եկել ՌԴ քաղաքականության դեմ՝ ռուս-թուրքական մերձեցման կամ Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված»,- ասաց պարոն Քոչարյանը:

Նա մանիպուլյատիվ համարեց հ/կ-ի զեկույցում տեղ գտած մեջբերումն այն մասին, թե ինքը ծայրահեղ անհանդուրժող է ԼԳԲՏ համայնքի հանդեպ. «Ինչ կապ ունի դա ընտանեկան բռնության օրենքի և ռուսական հետքի հետ, բացահայտ մանիպուլյացիա է գնում, միակ բացատրությունն այն է, որ, այսպիսով` փորձում են իրենց դոնորներին ինձ ներկայացնել վատագույն երանգներով: Իրականում որևէ վերաբերմունք ԼԳԲՏ համայնքի հանդեպ չունեմ, իսկ բացասական գնահատականներս վերաբերվում են Հայաստանում նույնասեռականության քարոզչությանը:

Այժմ անցնենք բացահայտ սուտ տեղեկությանը: Հետազոտությունում ինձ ներկայացնում են նաեւ ռուսական «Что, Где, Когда» խաղի հայկական ակումբի ղեկավար, որը գործում է ռուսական դրամաշնորհների հաշվին, մասնավորապես, գումարներ եմ ստանում «Ռուսսկիյ միր» հիմնադրամից:

Առաջին՝ հետազոտողները նույնիսկ չեն ճշտել պաշտոնական անվանումը, որ դա ռուսական «Что, Где, Когда» խաղը չէ, այլ «Ինչ, որտեղ, երբ» խաղի ակումբների միջազգային ասոցիացիա է, եւ այն, որ Գիտակների հայկական ասոցիացիան հանդիսանում է այդ կառույցի անդամ:

Ասոցիացիան երբևէ որևէ ռուսական աղբյուրից գումարներ չի ստացել, իսկ նշված հիմնադրամը Հայաստանում անցկացված և բազմաթիվ դրական արձագանքներ ունեցած, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպած Աշխարհի առաջնության հովանավորներից մեկն էր միայն և հովանավորել է զուտ ՄԻՋՈՑԱՌՈՒՄը, ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ինչպես իրենց, այնպես էլ մեր մնացած ռուսական և հայկական գործընկերներին:

Նույն թերի ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածվել նաև Ռադիո Վան ընկերության և իմ ընկեր Արման Աբովյանի մասին:

Իսկ որպեսզի ավելի ուժեղացնեին իրենց սին փաստարկները, գրում են, որ ես Գորչակովի անվան հիմնադրամի ակումբի անդամ եմ:

Այո, ես հանդիսանում եմ Գորչակովի անվան հիմնադրամի ընկերների ակումբի անդամ, փորձագետի կարգավիճակով, մասնակցում եմ տարբեր տարածաշրջանային ծրագրերի, որոնց ժամանակ միշտ ներկայացնում ու պաշտպանում եմ հայկական կողմի դիրքորոշումը, ինչպես դա անում եմ այլ երկրների բազմաթիվ մեդիահարթակներում (Ուկրաինա, Բելառուս,Վրաստան և այլն)»:

Տիգրան Քոչարյանի կարծիքով, այդպիսի հ/կ-ներին դրամաշնորհ տրամադրող կազմակերպություններն այսուհետեւ պետք է ավելի ուշադիր լինեն.

«Դիմում եմ այն կազմակերպություններին, որոնք դրամաշնորհ են բաժանում այդպիսի ոչ պրոֆեսիոնալ զեկույցներ կազմող կազմակերպություններին, թող ապագայում ուշադիր լինեն, որովհետեւ նման կասկածելի ու չհիմնավորված զեկույցներով խաղում են ոչ միայն մարդկանց արժանապատվության հետ, այլեւ, առաջին հերթին, այն կազմակերպությունների, որոնք իրենց գումարներ են տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031