Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «շվարել» Արամ Սարգսյանը

Հունվար 27,2017 14:20

«Ես, ճիշտն ասած, շվարած եմ մնացել, ինչպես ասում է ժողովուրդը: Ի՞նչ է նշանակում`ես ողջունում եմ կամ չեմ ողջունում: Քաղաքական գործունեություն ծավալելու ընթացքում ողջունելու խնդիր կա՞ : Քաղաքական կատեգորիա է դա: Եթե կուսակցությունն ուզում է մասնակցել ընտրությունների, ողջունելս կամ չողջունելս ո՞րն է: Այսինքն, ի՞նչ է դա նշանակում: Այն ժամանակ, 2015 թվականին հայտարարեցիք, որ էս է, էն է, նրա գործունեության մեջ ինչ-որ բաներ կան, հարկ չի մուծել, չգիտեմ ինչ է արել… Բացահայտեիք եւ պատժեիք: Այլապես հիմա ո՞ր իրավունքով եք ասում`ողջունում եմ կամ չեմ ողջունում»,- այսօր հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`անդրադառնալով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության 8-րդ համաժողովն էր, որին մասնակցում էին առաջիկա ընտրությունների համար դաշինք կազմած դաշնակից կուսակցությունների ղեկավարները`Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Պարույր Հայրիկյանը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀԴԿ համագումարին չէր մասնակցում, թեեւ այս դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը:

Արամ Սարգսյանը չի ցանկանում դառնալ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, բայց մոտեցումը իր համար խորթ է. «Ի՞նչ է, նոր դիկտատուրա ե՞նք դնում»:

Թեեւ, ըստ բանախոսի, իշխանությունը ներդրել է ռեյտինգային ընտրակարգը`կանխավ ապահովելու համար իր առավելությունը, բայց իրենք նպատակ են դնում` հաղթել եւ փոխել այս իրավիճակը:

Անցած 25 տարիների ընթացքում, Արամ Սարգսյանի կարծիքով, մեր երկրում անհիմն տոգորվել է գաղափարը`ինչքան հնարավոր է փող կուտակել, արդյունքում ստացել ենք ժողովրդի գերաղքատություն, հասարակության 37 տոկոսը հազիվ է ծայրը-ծայրին հասցնում:

«Եթե մարդիկ չեն վստահում իրենց իշխանությանը, երկիրը չի կարող զարգանալ»,- ասաց նա`հավելելով, որ իշխանությունները մի համակարգ են ստեղծել, որտեղ օրենքը միայն հասարակ մահկանացուների համար է պարտադիր, օլիգարխիան գործում է օրենքից դուրս: Ավելի պատկերավոր լինելու համար նա ժողովրդական առածով համեմեց խոսքը. «Ձու գողացողին հինգ տարի են տալիս, բանտ են նստեցնում, համարելով, որ հասարակության համար վտանգավոր է, բայց ձի գողացողին պատվավոր քաղաքացու կոչում են տալիս եւ մեծարում են»:

Տեղեկացնենք, որ համագումարում Արամ Սարգսյանը վերընտրվեց ՀԴԿ նախագահ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031