Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ տարեցների սայլակները խոտանված են եւ օգտագործվում են բացառապես կենցաղային նպատակներով

Փետրվար 02,2017 16:00

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթում հունվարի 31-ին հրապարակված «Հաշմանդամ տարեցների սայլակները՝ ձյան մեջ» վերնագրով հոդվածին՝ հայտնում ենք, որ լուսանկարում պատկերված՝ տուն-ինտերնատի կողմից, այսպես ասած, անփութորեն ձյան տակ թողնված հաշմանդամի սայլակները, որոնք, ըստ հոդվածի հեղինակի, գարնանը ծառայելու են ըստ նշանակության, իրականում խոտանված են եւ օգտագործվում են բացառապես անկողնային մասնաշենքի լվացքը լվացքատուն տեղափոխելու նպատակով: Ի դեպ, տուն-ինտերնատի աշխատակիցն ասել է այդ մասին լրագրողին հենց սայլակները լուսանկարելու պահին:

Ինչ վերաբերում է հոդվածի ֆոտոռեպորտաժում պատկերված վատթար պայմաններին, նշենք, որ այդ իրականությունը ոչ տուն-ինտերնատի եւ ոչ էլ պատասխանատու գերատեսչության կողմից երբեւէ չի թաքցվել հասարակությունից, առավել եւս՝ լրագրողներից, ընդհակառակը՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների պատճառով է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Քուվեյթի կառավարության հետ համագործակցելով, կառուցեց, ինչպես հոդվածագիրն էր նշում, «տաշիտուշիով» բացված Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը:
Ներկայումս տուն-ինտերնատին հարակից նորակառույց մասնաշենքը գտնվում է կահավորման փուլում եւ առաջիկայում կհանձնվի ամբողջական շահագործման՝ այսօր տուն-ինտերնատում անկողնային խնամք ստացող շուրջ 70 տարեցների համար ապահովելով լավագույն պայմաններ:

Անդրադառնալով լրագրողի՝ տուն-ինտերնատում անխոչընդոտ հայտնվելու պատճառներին եւ նպատակին, ինչի մասին որպես լրագրողական հաջողություն ընդգծել էր հեղինակը՝ անուղղակի կերպով ակնարկելով դա իբրեւ տուն-ինտերնատի ղեկավարության անփութության եւ անվերահսկելիության արդյունք, հայտնում ենք, որ լրագրության մեջ «դիմակի մեթոդով» առաջնորդվելու կարիքն առհասարակ չկար, առավել եւս ներկայանալ որպես խնամյալի բարեկամ, քանի որ նախարարությունը թաքցնելու ոչինչ չունի եւ երբեք չի փորձել խոչընդոտել որեւէ լրագրողի մասնագիտական աշխատանքը:
Աշխատանքային էթիկայից ելնելով՝ հեղինակը, ինչպես եւ իր բոլոր գործընկերները, կարող էր դիմել եւ անխափան մուտք գործել այսօրինակ ցանկացած հաստատություն եւ ներկայացնել տիրող իրավիճակը, ըստ էության:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երբեք բարձրագոչ արտահայտություններով չի գերագնահատում իր ենթակայությամբ գործող հաստատությունների պայմանները, չի թաքցնում համակարգի իրական խնդիրները եւ ենթակառուցվածքներում առկա վիճակը, այլ հակառակը՝ գույքագրված խնդիրների մասին խոսելուն զուգահեռ հանրությանը մշտապես ներկայացնում է դրանց լուծման ուղիները եւ քայլ առ քայլ արված աշխատանքը:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728