«Ծրագիրը մշակվել եւ հաստատվել է՝ հաշվի առնելով մեր տեղահանված հայրենակիցների խնդրանքը: Կային ընտանիքներ, որոնք բաղկացած էին միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեց ամուսիններ էին: Նրանք ոչ միայն ցանկություն չունեին հավաստագիր ստանալու, այլեւ իրենց համար դժվարություն էր փնտրելը, գտնելը, բանակցելը, փաստաթղթեր հավաքելը… Այս խոչընդոտն էր հիմնական պատճառը, որ նրանք գերադասում էին ունենալ վարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որն անհատույց տրամադրվում է պետության կողմից որպես կացարանի ծառայություն:
Մշակեցինք այս ծրագիրը՝ փոփոխություններ մտցնելով մասնավորապես սոցիալական բնակարանի տրամադրման որոշման մեջ: Այժմ մեր տեղահանված հայրենակիցները հանդիսանում են շահառու խումբ, կարող են օգտվել նաեւ կացարանի ծառայությունից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ ներկայացնելով Արցախից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումները:
«Շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք փոքր կազմ ունեն, 2-3 հոգի են՝ բաղկացած հաշմանդամություն ունեցող անձանցից, կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը: Եթե 2 հոգի են, տարիքը պետք է լինի 115 եւ ավել, եթե 3 անձից են բաղկացած՝ 175 եւ ավել: Նաեւ պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն, այնպես ինչպես բնակարանի հավաստագիր ստանալու պայմանն է, նաեւ պետք է նախապես գրանցվեն մեր սոցիալական բնակարանի հերթացուցակում: Հերթացուցակում դիմում ներկայացնելու պահին պետք է լրացնեն հրաժարման ձեւ, որ հրաժարվում են բնակարանի հավաստագրից՝ գրավոր, ընտանիքի բոլոր անդամների կողմից ստորագրված, հետագայում իրավական խնդիրներից խուսափելու նպատակով:
Սոցիալական բնակարանի հերթացուցակում գրանցվելուց հետո նրանց կտրամադրվի սոցիալական բնակարան, կամ արդեն կարող են թվային հարթակով դիմել երկարաժամկետ վարձակալության ծրագրին: Դիմումը կստուգվի, եթե բոլոր պայմաններին ընտանիքը բավարարի, կհաստատվի, եւ շահառուները փոխհատուցումը կստանան իրենց բանկային հաշվին»,-հավելեց Լուսինե Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, աջակցությունը կտրամադրվի 120 ամիս՝ 10 տարի ժամկետով, եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 40 հազար դրամ՝ որպես վարձավճարի փոխհատուցում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ ունեն պոտենցյալ շահառուներ, սակայն իրազեկվածությունը ցածր է, նա հորդորեց Միասնական սոցիալական ծառայության գործընկերներին անպայման ցանկացած ուրիշ հարցով դիմելու դեպքում արցախցիներին իրազեկել, որ նրանք կարող են նաեւ այս ծրագրի շահառու հանդիսանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































